Ֆինն գիտնականներն անիմացիոն տեսանյութով ցույց են տվել՝ ինչպես է սուպերմարկետում կորոնավիրուսը տարածվում և վարակում գնորդներին


Ֆինն գիտնականներն անիմացիոն տեսանյութով ցույց են տվել՝ ինչպես է սուպերմարկետում կորոնավիրուսը տարածվում և վարակում գնորդներին
Ապրիլ 11 15:23 2020

Ֆինլանդիայի գիտնականներն անիմացիոն տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչպես նոր տեսակի կորոնավիրուսի կաթիլները կարող են տարածվել սուպերմարկետում և գնորդներին վարակել, հայտնում է Daily Mail պարբերականը։

 

Ֆինլանդիայի Աալտոյի համալսարանի փորձագետները համացանցում մեծ տարածում գտած տեսանյութը ստեղծել են՝ մարդկանց ցույց տալու հիվանդության տարածման ձևն ու դրանից առաջացող վտանգները։

«Կորոնավիրուսով վարակված անձը կարող է հազալ ու առաջ անցնել՝ հետևում թողնելով վիրուսը կրող չափազանց փոքր աերոզոլային մասնիկներ, որոնք այնուհետև կարող են հայտնվել մոտակայքում գտնվողների շնչուղիներում»,- նշել է Աալտոյի համալսարանի պրոֆեսոր Վիլլե Վուորինենը։ 

 

Տագնապ առաջացնող տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է սուպերմարկետում տղամարդը հազում, որից հետո «արտանետված» մասնիկներից հսկայական ամպ է գոյանում, որն այնպես է տարածվում, որ ունակ է անգամ գրեթե երկու մետր հեռավորության վրա գտնվող մարդուն վարակել:

Ֆինլանդիայի Աալտոյի համալսարանի, Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի և Ֆինլանդիայի VTT տեխնիկական հետազոտությունների կենտրոնի գիտնականներն իրարից առանձին հետազոտել են տեսանյութում պատկերված նախնական իրավիճակը և բոլորն էլ միաբերան նշել, որ վարակման այդ սցենարն ամբողջովին իրատեսական է, և խորհուրդ են տվել խուսափել մարդաշատ վայրերում գտնվելուց։

Tert.am