Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 689 AO 61 համարանիշի և Opel մակնիշի 35 CR 284 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել ու փակել են Opel-ի գազաբալոնը։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Haise մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և ըստ վարորդի հայտարարոթյան՝ շտապօգնության ավտոմեքենայով հիվադն երեխայի էին տեղափոխում հիվանդանոց, և նա լուսաձայնային ազդանշանները միացրած է եղել։ Այդ մասին ասում էին նաև մի քանի քաղաքացիներ, ովքեր ականատես են եղել վթարին։ Փաստի առթիվ Երևանի ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։










