SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 23-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած Scania մակնիշի բեռնատարով Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր:










