ՀՔԾ շոուն․ Սուրիկ Խաչատրյանի պատասխանը չուշացավ

ՀՔԾ շոուն․ Սուրիկ Խաչատրյանի պատասխանը չուշացավ
Նոյեմբեր 20 17:34 2019

Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան կալանավորելու որոշում է կայացվել: Երկրում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո ՀՔԾ-ն վերածվել է յուրօրինակ կառույցի, որտեղ փորձում են հնարավոր ու անհնարին բոլոր եղանակներով, այլ կերպ ասած ամեն գնով գործ սարքել նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների վրա։ Այս ճանապարհին իշխանությունն իհարկե ոչնչի առաջ չի կանգնի։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն շեղվել Նիկոլ Փաշինյաննի գծած «իրավական» ճանապարհից, դուրս կմղվեն, անկախ այն հանգամանքից, քայլել են, թե հանրությանը հայտնի ու անհայտ այլ եղանակներով են ստացել պաշտոններ։
Ինքը՝ Սուրիկ Խաչատրյանն արդեն իսկ արձագանքել է ՀՔԾ հաղորդագրությանը։ «Հայաստանն իմ հայրենիքն է այլ բնակության վայր ես չունեմ, առողջական ծանր խնդիրների պատճառով տևական ժամանակ է ես արտերկրում եմ, ամիսներ շարունակ հիվանդանոցում եմ և դեռ պետք է բուժումս շարունակվի, նախաքննական մարմիններին փաստաբանի միջոցով փոխանցել եմ հիվանդանոցի տրամադրած բոլոր պաշտոնական փաստաթղթերը բուժման ընթացքի վերաբերյալ, որոնք 30 էջից ավելի են: Նաև ներկայացվել է բժիշկների կողմից տրամադրված մոտավոր ժամկետ՝ բուժմանս ավարտի մասին, ինչից հետո կվերադառնամ Հայաստան: Երբեք չեմ խուսափել ներկայանալուց և պատշաճ կարգով ծանուցել եմ իմ ներկայանալու ժամկետների մասին տեղեկությունը»,- ասել է Սյունիքի նախկին մարզպետը։

Սուրիկ Խաչատրյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցում մեկ այլ ուշագրավ նրբություն էլ կա։ «Ինձ համար առնվազն զարմանալի է, հետաքրիր է, թե այդ անձինք ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունքներ տվել, ի՞նչ գնով են ցուցմունքներ ներկայացրել»,- ասել է Խաչատրյանը։ Գլխավոր դատախազությունն առնվազն պարտավոր է ընթացք տալ նախկին պաշտոնյայի այս հայտարարությանը, եւ պարզել, ինչպես եւ ինչ եղանակներով է գործը քննող քննիչը նման ցուցմունքներ ձեռք բերել, որոնց իրականությունը կասկածի տակ է դրվում Խաչատրյանի կողմից։
Վերադառնալով ՀՔԾ հայտարարությանը նշենք, որ ըստ էության նախաքննական մարմնին հայտնի է եղել Սուրիկ Խաչատրյանի գտնվելու վայրը, եւ հետեւաբար նրա նկատմամբ հետախուզում հայտարարելն առնվազն նպատակ ունի շարունակելու նախկինների նկատմամբ շոու կազմակերպելու գործող իշխանության սցենարը։ Սուրիկ Խաչատրյանն ինքն էլ է շեշտել, որ փաստաբանի միջոցով տեղյակ է պահել գտնվելու վայրի մասին։

 

Պատերազմի դաշտում կռվածներին այս իշխանությունները դժվար թե վախեցնեն։

Իրավապահ մարմինների դարակներում հավաքել ու պահել «քրեական գործեր», դրանք որպես շանտաժի միջոց օգտագործելու նպատակով, եւ սեփական իշխանությունը պահելու համար։

Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին էր մեղադրում շանտաժի միջոցով իշխանություն պահելու համար, հիմա նույնը կրկնում են ինքը և իր քաղաքական թիմը: Սա ուշ թե շուտ ակնհայտ է դառնալու հասարակության լայն շերտերի համար, բոլոր այն մարդկանց, ովքեր իշխանության բերեցին Փաշինյանի թիմին: Նրանք հասկանալու են, որ պոպուլիզմով ու շանտաժով երկիրն առաջ չի գնալու, և դատարկ տեսարաններով մարդկանց կերակրելու իմ քայլականների քայլերթը մի օր կանգ է առնելու։

Irakanum.am

 

loading...