ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր Էջմիածնի իր առանձնատանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա բազմաթիվ հարցերից զատ անդրադարձավ նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Սեյրան Սարոյանը, մասնավորապես ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը Փարիզում վիրահատության է ենթարկվել եւ ներկայումս գտնվում է կոմայի մեջ։
«Սրտի շատ ծանր վիրահատություն է տարել, շատ վատ է, թողեք էդ մարդն իրա մահու մեռնի, գործ չունեք, մեղք ա, մինչեւ հիմա կոմայից էլ դուրս չի եկել։ Սրտի կլապանը մի անգամ փոխել էին՝ ատկազ էր արել, լավա Փարիզում էր եղել, նորից էին արել »,–ասաց Սարոյանը՝ նշելով, որ Սուրիկ Խաչատրյանը դեռ Փարիզում է:
Սեյրան Սարոյանի այս հայտարարությունը ցնցել է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Սուրիկ Խաչատրյանն իսկապես տարել է սրտի երեք բարդ վիրահատություն, սակայն կոմայի մեջ չէ, վիճակը բավականին կայուն է, բայց պետք է դեռ երկարատև բուժումը շարունակի Եվրոպայում: Մեր զրուցակիցն ասաց, որ Սեյրան Սարոյանի խոսքերը իրականությանը չեն համապատասխանում:
Հետաքրքիր է, թե ինչպես է Սեյրան Սարոյանը մի մի կողմ դրել Սուրիկ Խաչատրյանի հետ քավոր-սանիկական կապերը, ուրացել պատերազմի անցած տարիները, եւ նման հայտարարություններ է անում: Սակայն, զարմանալի ոչինչ չկա: Միայն պետք է հիշել, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը գեներալը ուրացավ նրան, թեեւ մեկ օր առաջ պնդում էր, որ անփոխարինելի է: Սարոյանն ուրացավ նաեւ հարազատ ընկերոջը՝ Մանվել Գրիգորյանին, երբ ԱԱԾ-ն բացահայտեց նրա հետ կապված հայտնի գործերը: Սեյրան Սարոյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը դարձավ տուշոնակ գողացող:
Ուշագրավ է նաեւ այն, որ Սեյրան Սարոյանը տարիներ շարունակ օգտվել է Սուրիկ Խաչատրյանի ընձեռած հնարավորություններից եւ իր գործերն առաջ տարել:
Աստված դժվար թե երկար կյանք պարգևի նրան, ով թքում է այն աղբյուրի մեջ, որից տարիներ շարունակ ջուր է խմել...այնպես որ սպասեք ձեզ արժանի դատաստանին... Սուրիկ Խաչատրյանը դեռ շա՜տ ու շա՜տ քաղաքական և ֆիզիկական դիակների հոգեհանգստի արարողությանն է մասնակցելու և ի հեճուկս նրանց չարկամության ՝ ապրելու խաղաղ երկրային կյանքով»,- մեզ հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանի եւ Սուրիկ Խաչատրյանի ընդհանուր ծանոթներից մեկը, որն եւս ցնցվել էր գներալի խոսքերից: