Կուլիսների անհաջող պահերը չպետք է դառնան հանրության սեփականությունը. Քրիստինե Պեպելյանը «Armenian Europe Music Awards»-ին ուղղված քննադատությունների մասին


Կուլիսների անհաջող պահերը չպետք է դառնան հանրության սեփականությունը. Քրիստինե Պեպելյանը «Armenian Europe Music Awards»-ին ուղղված քննադատությունների մասին
Ապրիլ 1 10:11 2017

Մարտի 26-ին «Le Zénith Paris - La Villette» հանրահայտ համերգասրահում տեղի է ունեցել «Armenian Europe Music Awards» մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել հայկական երգարվեստի այնպիսի ճանաչված և սիրված դեմքեր, ինչպիսիք են Ռոզի Արմենը, Ջիվան Գասպարյանը, Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը և այլք: Երեկոն վարել են Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Հրաչյա Հարությունյանը, Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը:

Armday.am-ը մրցանակաբաշխության առանձնահատկությունների, ստացած մրցանակի և ֆրանսիահայ հանդիսատեսի մասին զրուցել է «Տարվա լավագույն լիրիկական երգչուհի» մրցանակին արժանացած Քրիստինե Պեպելյանի հետ:

-Քրիստինե՛, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Փարիզից, ինչպե՞ս անցավ Armenian Europe Music Awards-ը, արդարդացա՞ն Ձեր սպասումները:

- Armenian Europe Music Awards-ը անցկացվում էր Եվրոպայի ամենահեղինակավոր դահլիճներից մեկում՝ Փարիզի Զենիթում՝ մի սրահ, որտեղ աշխարհի ամենաճանաչված արտիստներն են ելույթ ունեցել: Առաջին հերթին, պետք է ուրախանալ, որ կա հնարավորություն բարձրանալու այդ բեմ և աշխատելու նման հարթակից: Հավաքվել էին արտակարգ լավ հանդիսատեսներ՝ ջերմ, տաք, պատրաստակամ, բաց, շատ լավ էներգեիտկայով մարդիկ էին: Դահլիճում կային շատ գեղեցիկ գունային և հնչունային ձևավորումներ: Ես վերադարձել եմ լավ տպավորություններով, շատ ուրախ եմ, որ կարողացել եմ մասնակիցը լինել այդ միջոցառման ու շատ ուրախ եմ իմ մրցանակի համար:

-«Տարվա լավագույն լիրիկական երգչուհի» կոչումը լավագույնս է Ձեզ բնորոշում, ի՞նչ զգացիք, երբ արժանացաք այդ մրցանակին:

-Ես ուրիշ բան չէի էլ ակնալում, ճիշտն ասած (ժպտում է): Իմ սպասումներն արդարացան, որովհետև ես, բնականաբար, իմ աուրայի մեջ էի, «լավագույն լիրիկական երգչուհի» կոչումը ինձ շատ ուրախացրեց, հաճելի էր գնահատված լինելը: Այս տարին շատ սիմվոլիկ է ինձ համար, որովհետև ես այս տարի տոնում եմ իմ պրոֆեսիոնալ բեմական գործունեության 20-ամյակը ու 20 տարի հետո պահել լիրիկական երգչուհու տիտղոսը, 20 տարի հավատարիմ մնալ իմ երաժշտությանը, ժանրին, կարծում եմ, ամենասիրուն գնահատականն էր, որ ես կարող էի ունենալ, շատ ուրախ եմ:

-Ո՞րն էր Ձեզ համար երեկոյի առանձնահատկությունը, ի՞նչն է հատկապես տպավորվել Ձեր մեջ:

-Կառանձնացնեմ հանդիսատեսին, ես հիացած եմ ուղղակի: Երեկոյի ժամանակ շատ հաճելի պահեր կային՝ ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, ներկա էին քաղաքապետեր, մեր շատ սիրելի չեմպիոնը՝ Արթուր Աբրահամն էր ներկա սրահում, Ջիվան Գասպարյանի հետ նույն հարթակում ելույթ ունենալու շանս ունեցա, կարողացանք լինել մեր վարպետի կողքին: Տպավորիչ պահեր շատ են եղել, եթե առանձնացնեմ, շատ բաների մասին կարող եմ ասել, բայց սրանք երևի ամենակարևոր, ամենահիշարժան պահերն էին, որ մենք ունեցանք:

-Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ ներկայանալու եք «Մարտիկի երգը» կատարմամբ, որը նվիրելու եք ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին, Ձեզ համար դա մեծ պատասխանատվություն էր, կարծես, հետաքրքիր է՝ ի՞նչ էիք զգում երգելիս, ինչպե՞ս արձագանքեց հանդիսատեսը:

-«Մարտիկի երգը» այն երգն է, որը բոլոր ժամանակներում միշտ ակտուալ է, ես հատուկ էի ընտրել այս երգը, որովհետև ուզում էի, որ մեր զինվորները, ովքեր ապրիլին իրենց կյանքը տվեցին մեզ համար, իրենց ներկայությունը զգան մեր կողքին: Հանդիսատեսների շարքերում շատ մարդիկ կային, ովքեր բարձր երգում էին ինձ հետ այս երգը, կային մարդիկ, ովքեր ինձ հետ հավասար ամբողջ երգը երգեցին: Այն շատ էմոցիոնալ և շատ մեծ ասելիքով երգ է ու հաստատ գիտեմ, որ ընտրությունս ճիշտ էր, շատ ուրախ եմ, որ այս երգը մտավ իմ երգացանկի մեջ:

-Ի՞նչ կարծիք ունեք Ձեր գործընկերների այն մեկնաբունությունների մասին, որ կային թերություններ, արդյոք ինքներդ նկատե՞լ եք դրանք: Ֆրանսիական լրատվամիջոցները, համենայնդեպս, գրում են, որ համերգը հիանալի է անցել:

-Արտիստները շատ էմոցիոնալ մարդիկ են և բոլորի համար դա պարզ է ու գաղտնիք չէ, որ արտիստը կարող է շատ բռնկուն, էմոցիոնալ լինել: Որոշ էմոցիաներ ես, որպես արիտիստ, պատրաստ եմ հասկանալ, բայց ինձ համար գոյություն ունեն բաներ, որոնք չպիտի դառնան հանրության սեփականությունը: Եթե մի տեղ կա, որը կոչվում է կուլիսներ, դա իզուր չէ ասված, հանդիսատեսի համար չեն կուլիսները, կուլիսները արտիստների համար են: Կուլիսներում կատարվող իրադարձությունները, խնդիրները, այս կամ այն անհաջող պահերը կարիք չկա հանելու: Կուլիսները արտիստի խոհանոցն է և խոհանոցային ինչ-որ մանրամանություններ առաջ բերելուն ես այդքան էլ կողմնակից չեմ, անկեղծ ասած:

Ցանկացած համերգի ժամանակ հնարավոր է, որ լինեն որոշակի անհաջողություններ, պահի տակ մի բան չստացվի այնպես, ինչպես պլանավորվել էր, դա բոլորիս կյանքում է լինում, դա անխուսափելի է արտիստի համար: Ես չեմ կարծում, որ դրա մասին պետք է բարձրաձայնվի, որովհետև մեր կյանքում եղած կլինեն շատ անկազմակերպ համերգներ, որոնց մենք ներկա ենք եղել և դրանք իրավիճակներ են, որոնց մեջ արտիստը հայտնվում է,շատ դեպքերում մենք չենք էլ կարողանալու ինչ-որ բան փոխել: Ես չեմ կարծում, որ սա չստացված համերգ է և թերությունների, բացթողումների մասին բարձրաձայնելն այնքան էլ ճիշտ չէ, որովհետև թերութուններն ու դժվարությունները հարթվում են, երբ բոլորը միասին են լինում, դրա մասին պետք է հավաքվել, նստել, զրուցել և հասկանալ ինչ է պետք անել հաջորդ տարի շատ ավելի լավ միասին աշխատելու համար:

Արտիստի պրոֆեսիոնալիզմը կայանում է նրանում, որ հանդիսատեսը չզգա նրա ոչ մի խնդիրը: Իսկական պրոֆեսիոնալը միշտ պիտի պատրաստակամ լինի օգնելու, ուղղություն ցույց տալու ու իր գիտելիքներով կիսվելու սկսնակի հետ: Մենք բոլորս մի օր սկսել ենք մեր աշխատանքը ու նոր սկսելու տարիներին փորձառու չենք եղել, բայց շնորհիվ մարդկանց հավատի ու աջակցության՝ կարողացել ենք իրագործել մեր անելիքը: Մարդը ստեղծված է մարդուն օգնելու համար:

-Բայց, այնուամենայնիվ, այդքան շա՞տ էին չստացված պահերը, որ այդչափ մեծ արձագանք կա թե երգիչների, թե նրանց պրոդյուսերների կողմից:

-Եթե դնենք համեմատության մեջ, բնականաբար, ստացված պահերը շատ ավելի էին, քան բոլոր այն փոքր անհաջողությունները, որոնք եղան կուլիսներում: Հանդիսատեսը որևէ բան չի նկատել և պարտադիր էլ չէր, որ իմանար դրա մասին, որովհետև դա այն իրավիճակը չէր, որի մասին պետք էր տեղյակ պահել: Ես հասկանում եմ, որ ժամային խնդիր եք ունեցել և վերջին պահին ինֆորմացիան եկավ, որ մենք իրավունք չունենք ավել զբաղեցնելու դահլիճը, դրա համար մի քիչ խանռաշփոթ ստացվեց և եղան մի քանի կատարումներ, որոնք չհնչեցին, դա բոլորիս հետ էր հնարավոր:

Ես միշտ կարծում եմ, որ մարդ պիտի կոմպրոմիս ունենա դիմացինի համար, կոմպրոմիսը շատ կարևոր բան է, որովհետև մի օրով չի ավարտվում ամեն ինչ, հետո լինելու են էլի միջոցառումներ, եթե միջոցառում էլ չլինի, ընկերություն կմնա: Սրանք իրավիճակներ են, որոնք բոլորի հետ են հնարավոր, այս տեսակի իրավիճակներում, երբ տեսնում ես, որ ինչ-որ բան սխալ է գնում, չի ստացվում, պիտի փորձես գոնե օգնել իրավիճակին, ոչ թե ավելի խանգարել, չպետք է ցույց տաս այն բաները, որոնք մնացել են կուլիսներում:

-Ամփոփելով մրցանակաբաշխությունը՝ ի՞նչ եք կարծում, այն ունի՞ հնարավորություն ամենամյա դառնալու:

-Վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Հաշվի առնելով, որ կազմակերպիչները երտասարդներ են,կարծում եմ, որ իրենք դեռ շատ ուժ ու եռանդ ունեն այս աշխատանքը ավելի լավացնելու, ավելի պրոֆեսիոնալ դարձնելու և ամենամյա դարձնելու համար: Բացի այն, որ հուսով եմ, որ մրցանակաբշխությունը կդառնա ամենամյա, նաև լիահույս եմ, որ հաջորդ տարի ես նույնպես կկարողանամ ունենալ իմ հրավերքը: Եթե լինի այդպիսի հնարավորություն ու ես ունենամ առաջարկ մասնակցելու՝ ինչպես այս տարի եղա առաջինը, ով տվեց իր համաձայնությունը, հաջորդ տարի ևս կլինեմ մասնակիցների շարքում: Հուսամ, որ հաջորդ տարի էլ առաջինն ինձ կառաջարկեն մասնակցություն ունենալ: