«Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց ՊՆ ծառայողը 06-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա երեխայի


«Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց ՊՆ ծառայողը 06-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա երեխայի
Հուլիս 6 13:29 2019

Այսօր, հուլիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 39-ամյա Հովհաննես Ավետիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VZ 328 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ այդ պահին դեպքի վայրով անցնող ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված շտապօգնության մեքենայով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի ուղեկցությամբ տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Սիսիանի բնակիչ է, անչափահաս է։

Նա Սիսիանի վոլեյբոլի թիմի անդամ է, և թիմակիցների հետ Վանաձորից, որտեղ մասնակցել էին վոլեյբոլի մրցումներին, վերադառնում էին Սիսիան։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։