«LABORATOIRES ANIOS»-ն իր բրենդով Հայաստանում է: Ընկերությունն ավելի քան 115 տարի իր կայուն տեղն ունի հիգիենայի և ախտահանման շուկայում:
«ANIOS»-ը ստացել է թույլտվություն Հայաստանի կողմից, որպեսզի իրենց հումքով պատրաստեն ախտահանիչ միջոցներ ՀՀ-ում: Այս մասին մարտի 28-ին` «LABORATOIRES ANIOS»-ի բացման արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, ԵԿՄ փոխնախագահ, թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Ղուկաս Ուլիխանյանը:
Նրա խոսքով` սա 8 տարվա երկար բանակցությունների արդյունք է:
««ANIOS»-ը, ներկա լինելով հայկական շուկայում, արդեն 8 տարի է, ինչ հայտնի է: Որպես բրենդ` ընկերությունը Հայաստանի կողմից ստացել է թույտվություն, որպեսզի այստեղ իրենց հումքով պատրաստեն ախտահանիչ միջոցներ, որն էլ կդառնա հայկական` «ANIOS Armenia»: Վերջինս կներկայացվի ԵԱՏՄ տարածքում, ինչու չէ նաև Իրանում»,- ասաց Ղուկաս Ուլիխանյանը:
Ուլիխանյանի խոսքով` հումքը գալիս է Ֆրանսիայից, Հայաստանում փաթեթավորվում և անալիզ է արվում, որից հետո շուկայում ներկայանում է որպես հայկական արտադրանք:
Անդրադառնալով գնային մատչելիությանը, պատգամավորի թեկնածուն նշեց. «Այս քայլով մեկ անգամ ևս գնային սանդղակում բավականին նվազեցվում է ապրանքի գինը և հավասարվում է շուկայում եղած հիգիենայի և ախտահանիչների գնին»:
Ղուկաս Ուլիխանյանը նաև ընդգծեց, որ ապրանքը լինելու է և´ որակյալ, և´ մատչելի:
«Յուրաքանչյուր քաղաքացի, առողջապահական կամ հյուրանոցային կազմակերպություն, սննդային արտադրություն, արդեն կարող են օգտվել հայկական «ANIOS»-ից»,- եզրափակեց ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդականը:
Նշենք նաև, որ «Ֆարմատեք» դեղերի պատշաճ արտադրական գործունեության ստանդարտներով աշխատող գործարանում, «Գառնիլայն» ընկերությունը ֆրանսիական հումքով պատրաստված Hexanios և Surfanios ապրանքատեսակները մրցունակ գնով նախ կներկայացնի Հայաստանում և Ղրղզստանում, իսկ հետագայում` ԵԱՏՄ մյուս երկրներում:
Առավել մանրամասն` տեսանյութում և լուսանկարներում: