Արարատյան մաքսատան դրոշի հետ կապված կրքերը չեն հանդարտվում է: «Ժամանակը» գրում է, որ մաքսատան միջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել,որոնցից մեկի վրա էլ գուցե ամրացվեր մաքսատան «լքված» դրոշը:
Թերթը նշում է նաև, որ գնման մասին տեղյակ է եղել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն միջադեպի ժամանակ լռել է այդ մասին:
Արդյո՞ք դրոշների համար պատվանդաններ գնված են եղել և ինչու ՞ Անանյանը, այսպես ասած, չի փորձել «փրկել» մաքսատան աշխատակցին, ArmDay.am-ը պարզաբանում է ստացել ՊԵԿ նախագահից:
«Ցավում եմ, որ մամուլն իր առաքելությունը մոռացել է։ Ի՞նչ կապ ունի պատվանդանների գնումը միջադեպի հետ։ Նախ այդ օրը ես չեմ իմացել այդ գնման մասին, քանի որ դրանով գործառույթային առումով ես չեմ զբաղվում, այլ՝ ՊԵԿ գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը)։ ՊԵԿ նախագահը տիրապետում է ընդհանուր տեղեկատվությանը, բայց կոնկրետ գնումների անցկացման կամ դրանց վերաբերյալ կոնկրետ տեղեկատվության չի տիրապետում։Այլ բան չունեմ ասելու»,-ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահը դժգոհեց, որ վարչապետի՝ Արարատյան մաքսատուն այցելության օրվա լավ կողմերի մասին չի խոսվել:
«Այդ օրը Վարչապետը ՊԵԿ-ում անց է կացրել 4 ժամ, այցելել է շատ տեղեր և շատ տպավորված է եղել ՊԵԿ-ից։ Ոչ մի մամուլ այդ տեղեկատվությունը չի ներկայացնում, քանի որ այնտեղ սենսացիա չկա։ Մամուլի անհաղորդ կեցվածքը կառուցողական չէ»,-ասաց նա: