ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հերքում է այն տեղեկատվությունը, ըստ որի, օրեր առաջ Արմավիրի մարզի Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի երկայնքով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, օգտագործված ասֆալտի հաստությունը եղել է ընդամենը 1 սանտիմետր՝ սահմանված 15-20սմ-ի փոխարեն։
«Հայտնում ենք, որ Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհին նախարարության կողմից վերանորոգման կամ միջին նորոգման աշխատանքներ չեն իրականացվել, իսկ ընթացիկ ամառային պահպանման շրջանակներում իրականացվող փոսային նորոգման աշխատանքներն այդ հատվածում դեռևս չեն կատարվել: Փոսային նորոգման համար օգտագործվում է 3-5սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ՝ նշված 15-20սմ-ի փոխարեն: Հավելենք նաև, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին՝ ապրիլի 1-ից մեկնարկած փոսային նորոգման աշխատանքները այս պահին ժամանակավորապես դադարեցվել են՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Դրանք կվերսկսվեն եղանակի բարելավումից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ: