Գյումրիի ոստիկանները պարզել են դանակահարության հանգամանքները. հարվածը եղել է կրծքավանդակին


Գյումրիի ոստիկանները պարզել են դանակահարության հանգամանքները. հարվածը եղել է կրծքավանդակին
Ապրիլ 18 21:39 2019

Ապրիլի 16-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախից 7-րդ, 8-րդ, 9-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա մի տղամարդ:

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է, ապրիլի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում գտնվող ռեստորանի դիմաց սայթաքելու եւ ընկնելու հետեւանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

 

Ապրիլի 17-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ապրիլի 16-ին իրենց մոտ տեղափոխված տղամարդու բուժզննությամբ հայտնաբերվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած թափանցող վերք»:

Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ չի հիշում ինչի հանգամանքներում է վնասվածքը ստացել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Մկրտիչ Կ.-ն, որը խոստովանել է, որ ապրիլի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իր տանը, վիճաբանության ժամանակ, հիշյալ տղամարդուն խոհանոցային դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ինքը:

Մկրտիչ Կ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: