Արգենտինացի երգչուհի Նատալյա Օրեյրոն Երևանում է և պատրաստվում է վաղվա կայանալիք մենահամերգին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհին կիսվել է Երևանի մասին տպավորություններով, խոսել կայանալիք համերգի և ստացած նվերների մասին: Ասուլիսի սկզբում երգչուհին լրագրողներին հայերեն ողջունեց, բայց խոստացավ համերգի ժամանակ ավելի շատ հայերեն բառեր սովորել, որպեսզի շփվի հանդիսատեսի հետ:
«Ինձ համար շատ յուրահատուկ պահ է, քանի որ առաջին անգամ եմ Հայաստանում: Ձեր մշակույթն ինձ շատ հարազատ է, որովհետև ես անընդհատ լսել եմ ձեր պատմության, նույնիսկ խոհանոցի մասին, և իմ ընտանիքի համար շատ առանձնահատուկ պահ է այստեղ գտնվելը: Երևան ժամանելուց հետո ամբողջ օրը քնել եմ, քանի որ վերադարձել է իմ համերգային արշավից, բայց ամուսինս և երեխաս ամբողջ քաղաքով պտտվել են: Նրանք գնացել են ամենահին տաճարը՝ Գառնի, որտեղից երկար հաց (լավաշ) էին բերել, որն ամբողջ գիշեր կերել ենք»,- նշում է երգչուհին։



Երգչուհու օրվա գրաֆիկը հագեցած է. ասուլիսից հետո պետք է մասնակցի UNICEF-ի ժողովին, քանի որ հանդիսանում է բարի կամքի դեսպան. «Վերջերս Արգենտինայում կայացած ժողովի ժամանակ քննարկվեց Հայաստանին ֆինանսավորում տրամադրելու մասին խնդիրը»:
Բոլորը շատ լավ հիշում են «Վայրի հրեշտակ» սերիալը, որտեղ Նատալյան գխավոր դերում էր: Նշում է, որ միշտ է ցանկացել դերասանուհի դառնալ, բայց երբեք նպատակ չի ունեցել, իր մայրենի լեզվից բացի, այլ լեզվով ներկայանալու․ «Լոս Անջելեսում աշխատելու հնարավորություն ունեցել եմ, մասնավորապես՝ ձայնասկավառակների վրա եմ աշխատել, իսկ այն կերպարները, որոնք առաջարկում էին ամերիկացիները, ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէին: Ես միշտ երազել եմ, որ իմ արվեստը ճանաչեն ամբողջ աշխարհում»:
Ի դեպ, երգչուհին իր հայտնի «Cambio dolor»-ից մի հատված երգեց հայերեն, ինչպես նաև ստացավ հայկական զարդանախշերով գոտի, պայուսակ, փորձեց հայկական սուջուխը: Այս բազմաթիվ նվերների հետ երգչուհին ստացավ նաև հայկական անձնագիր, որպեսզի մյուս այցերի ժամանակ հանգիստ կարողանա գալ. սա, իհարկե, կատակ էր:















