Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությանը քննիչը միջնորդեց, որպեսզի նիստը ընթանա դռնփակ կարգով՝ նախաքննության շահերից ելնելով:
armday.am-ի հետ զրույցում Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը նշեց, որ փորձ է արվում սահմանափակել հանրային իրազեկումը:
«Նիստը դռնփակ անցկացնելու խնդիր չկա այս պահի դրությամբ, քանի որ քննարկվում էր երկու որոշում, որոնք հրապարակային են: Կողմերը ստացել են այդ որոշումների պատճենները: Այսօրվա դրությամբ փորձ է արվում սահմանափակել հանրային իրազեկումը, այն պարզ պատճառով, որ կերևա, թե իրականում ինչ է կատարվել: Թող ժողովուրդն իմանա, որ եթե կաշառակեր էր այդ ժամանակ էլ նույն փաստերն են ունեցել, ինչո՞ւ չեն ենթարկել քննչական հետապնդման: Իրենք իրենց պարտականությունները կատարելու հետ կապված խնդիրներ են ունեցել»,-ասաց նա:
Անդրադառնալով Սիլվա Համբարձումյանի դիրքորոշմանը՝ փաստաբանը շնեց.
«Սիլվա համբարձումյանը այնպես խոսեց, տպավորություն էր, թե մեր բողոքի կողմից է, հետո բոլորդ տեսաք՝ հուշեցին, որ պետք է առարկի բողոքի դեմ: Դա նորմալ է,կարծում եմ՝ բողոքն էլ նա չի գրել և զուտ անում է այն ինչ-իրեն ասվում է: Չի բացառվում, որ հնարավոր է նրան ուղորդում են քննչական և դատախազական մարմինների կողմից: Ես նման ուղորդում արդեն այսօր իմ աչքով տեսա»,-ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։