Ապօրինի որսի պատժաչափերի բարձրացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Լենա Նազարյանի նախագիծն այսօր քննարկվեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկումը կազմակերպել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը, ներկա էին նաև իշխանական խմբակցության այլ պատգամավորներ։
Քննարկման մասնակիցներն իրենց ելույթներում նշեցին, որ պատժաչափերի բարձրացումը չի երաշխավորում կենդանիների նկատմամբ այսուհետ հոգատար վերաբերունքը։ Արձանագրվեց նաև, որ կենդանիների նկատմամբ դաժան գործելաոճը պետք է լինի քրեորեն պատժելի։
Քննարկման ավարտից հետո ArmDay.am-ի հետ զրույցում Մերի Գալստյանը բարձր գնահատեց նիստի արդյունավետությունը։
«Մենք ունենք ապօրինի որսի խնդիր, ունենք Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների պահպանության խնդիր, և ես այսօր խոսեցի այդ երկու խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների մասին։ Պետք է հասկանանք ընդհանուր խնդիրներն ու կարողանանք ոլորտային լուծումներ գտնել»,-ասաց պատգամավոր։
ArmDay.am-ն ահազանգ էր ստացել այն մասին, որ Արմավիրի մարզում պարբերաբար գրանցվում են արագիլների սպանդի դեպքեր, ինչի հետ կապված Գալստյանը վստահեցրեց, որ նմանատիպ խնդիրները կուսումնասիրվեն իրենց կողմից, և կդիմեն համապատասխան մարմիններին։
«Խնդիրները ոչ միայն օրենսդրական դաշտում են, այլև՝ ինստիտուցիոնալ, այսինքն, համապատասխան պետական կառույցները, որոնք պատասխանատու են վերահսկողության համար, ինչպես են աշխատում»,-հավելեց պատգամավորը։
Վաչիկ Գրիգորյան