Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ հարուցված գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ


Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ հարուցված գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ
Մարտ 11 22:00 2019

Մարտի 3-ին Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ հարուցված գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Մարտի 3-ին Ամիրյան փողոցում գրանցված միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Արամայիս Պետրոսյանն ու Գարիկ Միսկարյանը, որոնց նկատմամբ առևանգում կատարելու կասկածանքով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-նշեց Արևիկ Խաչատրյանը։

Գործի շրջանակում նույն խափանման միջոցն է ընտրվել նաև քաղաքացի Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ։

Երևան քաղաքի Ամիրյան փողոցում «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը  «Ֆեյսբուք»-ի  իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ  տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: