ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 11-ին ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հակակոռուպցիոն ցանցի փորձագետներ Վալց Կալնինշին և Ռուսլան Ռյաբոշապկային:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, այլք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Զեյնալյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը լուրջ նպատակներ ունի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում, և այդ նպատակին հասնելու համար փորձագիտական ու մասնագիտական աջակցության անհրաժեշտություն կա:
Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են եվրոպական մի շարք երկրներում գործող հակակոռուպցիոն տարբեր մարմիների դրական և բացասական կողմերը, ռիսկերն ու առավելությունները, ինչպես նաև իրենց պատրաստակամությունն են հայտնել փորձագիտական կարծիքով օժանդակելու ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն արդյունավետ մոդելի ընտրության հարցում:
Քննարկման ընթացքում Ռուսլան Ռյաբոշապկան նշել է, որ իր գործընկերոջ հետ ունեն ընդհանուր կարծիք, ըստ որի՝ ցանկացած երկրի համար հակակոռուպցիոն ունիվերսալ (սուպեր) մարմին ունենալը ռիսկային է:
Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ քննարկման համար և համագործակցությունն ու փոխադարձ շփումներն առավել ակտիվացնելու պատրաստակամություն է հայտնել:
Փորձագետները Հայաստան են ժամանել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոնկենտրոնի հրավերով: