Ծխախոտի գինն է օգտագործման վրա ազդող ամենամեծ գործոնը. Արսեն Թորոսյան


Ծխախոտի գինն է օգտագործման վրա ազդող ամենամեծ գործոնը. Արսեն Թորոսյան
Մարտ 11 12:23 2019

Այն կարծիքը, թե ծխախոտային արդյունաբերությունն ավելի օգուտ է, քան դրա դեմ պայքարելը, թյուր է: Ծխախոտի հարկի բարձրացումը` 45  տոկոսով, կկանխարգելի 88 հազար վաղաժամ մահ: Այս  մասին  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արսեն Թորոսյանը:

ՀՀ առողջապահության նախարարը ծխախոտի գինը համարում է դրա օգտագործման վրա ազդող ամենամեծ գործոնը: Եվ ակցիզային հարկերի ավելացումը, հետևաբար նաև ծխախոտի վաճառքի գնի ավելացումը կնպաստեն Հայաստանում ծխախոտի օգտագործելիության զգալի նվազեցմանը:

«Մեզ մոտ վաղաժամ մահացությունն ահագնացող թվերի է հասնում: Դրա առյուծի բաժինը պայմանավորված է տարբեր ռիսկի գործոններով, որոնցից առաջինը ծխախոտն է: Կարծիքները, թե ծխախոտի գնի բարձրացումը չի բերելու դրա օգտագործման նվազեցմանը, թյուր են: Ծխախոտի գինն է օգտագործման վրա ազդող ամենամեծ գործոնը:Հիմա մեծահասակ ազգաբնակչության կողմից օգտագործելիությունը 52 տոկոս է: Եթե 5 տարվա ընթացքում ծխախոտի գինը դառնա 2000 դրամ` 500-ի փոխարեն, ապա հինգ տարուց 32 տոկոս օգտագործելիություն կունենանք: Դա ապացուցված է, ես չեմ հորինել»,-ասաց Թորոսյանը:

Նա նկատեց` օգտագործելիության վրա ազդող ռիսկի մյուս գործոններն են որոշակի վայրերում սահմանափակումը, սիգարետի տուփին վատ նկարներ փակցնելն ու սոցիալական գովազդները:

«Ինչ վերաբերում է կոնկրետ նարգիլեներին՝ մենք չենք ասում արգելում ենք, մենք ասում ենք՝ ծխեք, ինչքան ուզում եք, վնասեք ձեր առողջությունը՝ ինչքան ուզում եք, բայց ուրիշների առողջությունը մի՛ վնասեք, ու փակ տարածքում մի արեք դա, արեք բաց տարածքներում»,-ասաց նախարարը: