Դժբախտաբար, վերաքննիչ դատարանի դատավորն իրեն թույլ տվեց կոպտորեն խախտել օրենքը իր վերջնական որոշման մեջ և շարունակեց կալանքի տակ պահել պարոն Քոչարյանին մի շարք շատ կոպիտ խախտումներ անտեսելով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանում դատավարության ընթացքը եղավ օրինական, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի»,-ասաց նա:
Փաստաբանն անդրադարձավ 2009-ին Սահմանադրության համապատասխան հոդվածի փոխվելուն և հիմա սահմանադրական կարգի տապալումը նախատեսված է 300.1 հոդվածով:
«Մեր փաստարկներից մեկն այն էր, որ նույն ստանդարտը պետք է կիրառվի նաեւ պարոն Քոչարյանի նկատմամբ: Չի կարող Քոչարյանի դեպքում հակառակ մոտեցումը կիրառվել: Մեր դատախազությունը հաշվի չի առնում, որ դատախազությունը միասնական համակարգ է, նաև անձի ճակատագիրը չի կարող կախված լինել նրանից, թե տվյալ դեպքում դատախազներից որ մեկն է դատարանում մեղադրանքը ներկայացնում: Մենք անգամ վերաքննիչ դատարանին չկարողացանք սա բացատրել»,-ասաց պաշտպանը:
Ալումյանը տեղեկացրեց, որ այդ 7 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման տակ ստորագրած 6 դատախազներից մեկն այսօր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանն է: