Ծանրոցում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութով դեղահաբեր. ՊԵԿ


Ծանրոցում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութով դեղահաբեր. ՊԵԿ
Փետրվար 8 14:35 2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս.Ա.-ն եւ Հ.Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս.Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին: 

Անձնական խուզարկության արդյունքում ծանրոցում առկա քսուքի պլաստմասե տարայում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 279 ամբողջական դեղահաբ, ինչպես նաեւ նույն դեղահաբի 4 կտոր:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ քաղաքացիներ Ս.Ա.-ն եւ Հ.Կ-ն քննիչի որոշմամբ  ձերբակալվել են: Իրականացվում է նախաքննություն: