Հրապարակե՞լ, թե՞ չհրապարակել. իրարամերժ կարծիքներ՝ պարգևավճարներ ստացած անձանց անունները հրապարակելու մասին


Հրապարակե՞լ,  թե՞ չհրապարակել. իրարամերժ կարծիքներ՝ պարգևավճարներ ստացած անձանց անունները հրապարակելու մասին
Հունվար 24 17:05 2019

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց աշխատողներին տրամադրած պարգևատրումների վերաբերյալ տեղեկությունները անձնավորված ձևով հրապարակելու կամ չհրապարակելու իրավաչափության վերաբերյալ հարցը:

Այս հարցի հետ կապված իրարամերժ կարծիքներ են ձևավորվել,  թե որն է ի վերջո իրական տարբերակը, որի հիման վրա կարելի է վստահորեն ասել, որ այդ տվյալները ենթակա են հրապարակման, կամ ոչ, դեռ հայտնի չէ:

«Ելնելով վերոգրյալից և հիմնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ խորհդատվություն տալու և տվյալների մշակման լավագույն փորձի մասին իրազեկելու ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորությունից՝ հարկ ենք համարում ներկայացնել աշխատողների անձնական տվյալներն այլ անձանց փոխանցելու (Օրենքի իմաստով անձնական տվյալների փոխանցում է համարվում ինչպես այլ անձանց տրամադրելը, այնպես էլ անձնական տվյալները հրապարակելը) վերաբերյալ գործող օրենսդրության կարգավորումները»,-ասվում  է ՀՀ արդարադատության նախարարություն հայտարարությունում: 

Ավելի ուշ  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարծիքը ով ինչպես ուզում, մեկնաբանում է։ Քաղաքապետարանն ասում է՝ գործակալությունն ասել է՝ պարգևատրում ստացած անձանց անունները մի հրապարակեք, քանի որ անձնական տվյալ է, իսկ մյուս կողմն ասում է՝ օրենքով սահմանված է քաղաքապետի կարգադրությունների պարտադիր հրապարակման պահանջ, ուրեմն պետք է հրապարակել։Գործակալություն, հիմա դուք ի՞նչ եք ասել։ Որպես ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության Գործակալությունը երկու տարի ղեկավարած անձ ասում եմ, սա անձնական տվյալ է, որը ենթակա է հրապարակման, քանի որ սահմանված է օրենքով։ Հարցը շատ հստակ է, և տարակարծության տեղ չկա»։