Պետությունը պարտավոր է այլընտրանքային տարբերակ առաջարկել, ոչ թե տուգանել. փաստաբանը`Վանեցյանի՝ մաքսակետ այցի մասին


Պետությունը պարտավոր  է այլընտրանքային տարբերակ առաջարկել, ոչ թե տուգանել. փաստաբանը`Վանեցյանի՝ մաքսակետ այցի մասին
Հունվար 24 14:00 2019

Երեկ ԱԱԾ-ն կոչ է արել  աջ ղեկով մեքենաների տերերին մինչև հունվարի 31-ը դուրս բերել իրենց մեքենաները ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն»  անցակետի տարածքից, քանի որ դրանք  խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Վանեցյանը նշել էր, որ կոչին չհետևելու դեպքում՝ կենթարկվեն վարչական պատասխանատվության: Վանեցյանի այս այցը բորբոքել ավտոներկրողներին, ովքեր չեն կարողանում իրենց մեքենաները ներմուծել Հայաստան և արդեն տևական ժամանակ է՝ գտնվում են հայ-վրացական սահմանի, այսպես կոչված, չեզոք գոտում:

Առանց այդ էլ աջ ղեկով մեքենաների ներմուծման հետ կապված խնդիրների պատճառով  ավտոմեքենաների տերերը շաբաթներով  սպասում են, թե երբ է հերթն իրենց մեքենաներին հասնելու, իսկ այժմ  էլ նրանց կանգնեցնում  են վարչական պատասխանատվության  առաջ:

Այս պահանջը այնքան էլ օրինական չէ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի իշխանությունները աջ կառավարման ղեկային համակարգ ունեցող մեքենաների սեփականատերերին պարտադրում են վեցամսյա ժամկետում վերասարքավորել մեքենաները, մինչդեռ մեքենաների սեփականատերերը այդ պահանջը համարում են հակաիրավական:

Ինչու է որոշել այս հարցին խառնվել ԱԱԾ-ն,այստեղ արդյո՞ք ազգային անվտանգության խնդիր կա, կամ ինչու  պետք է  վարչական  պատասխանատվության ենթարկի ԱԱԾ-ն ավտոներկրողներին հարցերի շուրջ ArmDay.am-ը զրուցել է վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի հետ:

«Մաքսայինն ինքնին ազգային անվտանգության խնդիր է: Ինչ վերաբերում է մեքենաների դուրս բերման հարցին, նշենք, որ մաքսայինն իր առանձին անվտանգությունն ունի: Նորմալ վարչամաքսային հարաբերություններ են, ոչ թե՝ քրեամաքսային: ԱԱԾ-ն  օպերատիվ հետաքննչական մարմին է և նրանք տուգանքներով չեն զբաղվում»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝  առաջացած խնդիրները պետք է լուծել`  այլընտրանքային տարբերակ առաջարկելով: 

«Եթե հանրության որոշակի զանգված նման իրավիճակում է հայտնվել,  ուրեմն խնդիր  կա: Այս դեպքերում պետությունը պարտավոր  է այլընտրանքային տարբերակ առաջարկել:Կօգտնեն այդ տարբերակից, կօգտվեն, չեն օգտվի, կօգտագործեն իրենց լծակները: Բոլոր դեպքերում,կարծում եմ, ԱԱԾ-ի միջամտության կարիքը չկար»,-ասաց Արտակ Խաչատրյանը: