Ոլորտն անգրագետների ձեռքին է, միայն գիտեն, որ շունն ատամներ ունի. շների հոգեբան, վարժեցնող


Ոլորտն անգրագետների ձեռքին է, միայն գիտեն, որ շունն ատամներ ունի. շների հոգեբան, վարժեցնող
Հունվար 19 13:06 2019

Օրեր առաջ կենդանիների համար հարկ վճարելու  մասին  հայտարարություններն ու խոսակցությունները անհանգստանալու առիթ է դարձել կենդանասերների համար: Երևան համայնքում տնային կենդանիներ պահելու տուրքը սահմանվում է՝ համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի: Դրա համապատասխան դրույթը ուժի մեջ է մտել 2016-ի դեկտեմբերին, իսկ մինչ այդ այլ խմբագրմամբ քաղաքներում կենդանի պահելու համար տույք նախատեսող օրենքը գործել է էլի մի 5 տարի: Այսինքն, մոտ ապագայում կլրանա 10 տարին, ինչ Երևան քաղաքում տնային կենդանի պահելու համար տեղական տուրք է սահմանվում, և առնվազն 3 տարի, որ այդ տուրքը կազմում է 5000 դրամ: 

Այս դրւյթի դրական և բացասական կողմերի մասին  ArmDay.am-ը զրուցել է շների հոգեբան, վարժեցնող Ռոլանդ Պողոսյանի հետ:

-Ռոլանդ, ի՞նչ կասեք ընտանի կենդանիներին հարկելու որոշման մասին:

-Ես դեմ չեմ, կվճարեմ, սակայն ո՞ւր է գնալու այդ գումարը: Այնպես է ստացվել, որ կենդանի պահողը ունի պարտավորություններ,  բայց չունի իրավունքներ: Ես համաձայն չեմ, որ ես այդ գումարը վճարեմ, որ դրանից թաղապետերին աշխատավարձ տան:

-Դուք կենդանիներ ունե՞ք,պահու՞մ եք:

 -Այո: Երկու շուն ունեմ դրսից վերցրած և մեկ այլ շուն, որն իմն է: Մեկը՝ ցեղական, երկուսը՝ ոչ:

-Այսինքն, դրսից վերցրել եք անտուն շների, և խնամո՞ւմ եք:

-Այո, մենք մինչ այժմ  պետության գործն ենք արել: Ես չեմ արել, որ ինչ-որ մեկին ցույց տալու համար:Դրսից երկու շուն եմ փրկել, իմ տանը պահում եմ: 

-Իսկ, ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնում շներին խնամելիս:

-Իրականում, խնդիրներ շատ կան: Շուտով, երբ եղանակը կբացվի, կենդանիների համար սկսվում է վատ շրջան, քանի որ,ուր գնում ես,  աջ ու ձախ սկսում են անդուր հայացքներ  գցել: Ստացվում է, որ մենք միայն պարտավորություններ ունենք, իրավունքներ չունենք: Տարրական պայմաններ չկան  ստեղծված, որպեսզի կենդանասերները լիարժեք կարողանան հոգ տանել նրանց մասին:

-Իսկ արդարացված եք համարում սահմանված 5000  դրամները:  Այդ թիվն ինչպե՞ ս են ստացել:

-Օդից փող են հավաքում: Ստանդարտ թիվ են որոշել, չգիտես՝ ինչով պայմանավորված: Ես գիտեմ, որ մի քանի տարի  այդ գումարը վճարողներ կան: Բայց օդից կախված է այդ ամենը: 

-Հաշվառում, կամ որևէ անգամ ստուգում արվե՞լ է գրանցվե՞լ են Ձեր կենդանիները:

-Ոչ-ոք չգիտի ով շուն ունի, ով՝ ոչ կամ քանի  կենդանի ունի: Հարևանի մատնության վրա է հույսները: Հիմա ո՞վ գիտի ՝ իմ  բակում քանի շուն կա: Մենք չունենք հաշվառում: Պետք է նախ սկսեն հաշվառում անել: Պարզել,թե քանի ընտանի կենդանի է ապրում Երևան քաղաքում:

-Կենդանիների  պաշտպանության հետ կապված օրենք չի գործում Հայաստնում: Դրա անհրաժեշտությունը զգացվո՞ւմ է Հայաստանում:

-Ով ինչպես ուզում  է,կենդանիների հետ վարվում  է: Մարդիկ արտասահմանում շանը քարով խփեու  համար 2 տարով ազատազրկվում են: Իսկ այստեղ որսորդական հրացանով շուն են սպանում,հազիվ 20.000 դրամ տուգանք է սահմանված: Ոստիկանությունը չի  զբաղվում այդ հարցով ասում են՝ դրսի շուն է էլի:

-Բայց երբ նույն շանը տեր եք կանգնում արդեն  պիտի հարկ վճարեք:

-Շախմատի օրենք է՝ ասում է ձեռք ես տվել, պիտի խաղաս: Հենց տեսնում են՝ կենդանուն վերցրել ես, արդեն պարտականություններ են  սահմանում: Թվում էր, թե բավականի բան պիտի փոխված լինի, բայց ոչինչ էլ չի փոխվել:

-Իսկ շներից բացի այլ կենդանիներ ունե՞ք:

-Ոչ, բայց մարդ կա,ծովախոզուկ է պահում, կամ ձուկ, դրա համար էլ պիտի վճարեն: Դա ո՞ւմ է վնասում: Եթե շունը կարող է դրսում ինչ-որ մեկին վնասել,կամ կեղտոտել, դա դեռ մի կողմ, ձկներին ու ծովախոզուկներն ո՞ւմ են վնասում, եթե մարդիկ իրենց տան մեջ պահում են:

-Ինչպե՞ս եք տեսնում նման հարցերի լուծումը, ոլորտում բացթողումները ե՞րբ կկարգավորվեն:

-Այս խնդիրները չեն կարգավորվի, քանի դեռ ոլորտում մասնագետներ չկան:Ոլորտն անգրագետ մարդկանց ձեռքին է: Մասնագետներ չկան,հստակ սահմանումներ չեն տալիս, ամեն բան մոտավորապեսի վրա է հիմնված: Վերջերս հաճախ եմ հանդիպումներ ունենում, բացատրում եմ ,թե դրսի կենդանիների հետ կապված ինչ խնդիրներ կան, բայց  այդ մարդիկ միայն գիտեն, որ շունը ունի ատամներ ու կարող է մեկ-մեկ կծել, որիշ՝ ոչինչ: Զրոյից ցածր մակարդակ ունեն իրենց գործի մասին, բայց ոլորտ են ղեկավարում: Հուսամ՝ նոր աշխատակիցներն ինչ-որ բան կկարողանան փոխել ոլորտում: Մինչ այս բացթողումներ շատ են եղել: