Հայաստանի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 22-ամյա երիտասարդի:
Իրականացված քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն Երևան քաղաքի 1996 թվականին ծնված բնակիչը, ունենալով պարտքեր, որոշել է կատարել ուրիշի գույքի հափշտակություն: 2018 թվականի սեպտեմբերի 30-իննա հետապնդել է Երևան քաղաքի բնակչուհուն և հափշտակել նրա պայուսակը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Բացի այդ՝ 22-ամյա երիտասարդը, իմանալով սուպերմարկետներից մեկի մենեջերի աշխատասենյակի չհրկիզվող պահարանում առկա գումարի մասին, որոշել է հափշտակել այն:
Այդ նպատակով 2018 թվականի նոյեմբերի 1-ին գնացել է սուպարմարկետի տարածք, սպասել այնքան մինչև այնտեղից դուրս կգար սուպերմակետում որպես մենեջեր աշխատող՝ Երևանի՝ 1969 թվականին ծնված բնակիչը: Երբ 49-ամյա տղամարդը փակել է սուպարմարկետի դուռն ու հեռացել, երիտասարդը, նախապես իմանալով վերջինիս բնակվելու վայրը, շրջանցել է նրան և հասնելով նրանց շենքի մուտք՝ դարանակալել է առաջին հարկի վերելակի մուտքի մոտ:
Երբ 49-ամյա տղամարդը մտել է շենքի մուտք և բարձրացել աստիճաններով, 22-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և հափշտակելով նրա իրերը՝ դիմել է փախուստի:
Այնուհետև գնացել է 49-ամյա տղամարդու աշխատավայր, փորձել է բացել սուպերմակետի ետնամասի դուռը, սակայն չկարողանալով բացել մետաղական շերտավարագուրը՝ դիմել է փախուստի:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: