Ամանորյա տոներին սննդային թունավորումներից և սննդային գործոնով պայմանավորված հիվանդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է.
• Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին:
• Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը՝ 70 աստիճանից բարձր:
• Պահպանել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար:
• Պատրաստի սննդամթեքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի:
• Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն) փոփոխության դեպքում այն չօգտագործել:
• Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր:
• Աղցանները պատրաստել քիչ քանակներով և համեմել մայոնեզով ու թթվասերով միայն մատուցելուց առաջ:
• Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե:
• Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սնկերը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
• Երեխաներին և հղի կանանց սննդում չօգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ:
• Կրեմային հրուշակեղեն պատրաստելիս նախօրոք լվանալ ձուն:
• Խուսափել ճարպոտ, տապակած սննդի օգտագործումից, օգտագործեք սննդամթերքը խաշած վիճակում: Սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով:
• Սահմանափակել տապակած կերակրատեսակների օգտագործումը, ալկոհոլի օգտագործումը ճարպոտ սննդի հետ, քանի որ ալկոհոլը դանդաղեցնում է ճարպերի քայքայումը օրգանիզմում, ընկճում է (արգելափակում է) կենդանական սպիտակուցը քայքայող ֆերմենտի ակտիվությունը, որի արդյունքում դժվարանում է մարսողությունը և սննդի յուրացումը օրգանիզմի կողմից:
• Յուղոտ միսը, ձուն, պանիրը, ընկուզը չօգտագործել կարագի, թթվասերի, բուսական յուղի հետ, քանի որ ճարպը ընկճում է ստամոքսի գեղձերի ֆունկցիան, ինչի արդյունքում նվազում է ստամոքսահյութի արտադրությունը` մսի, ձվի և ընկույզի մարսողության ժամանակ:
Հիշեցնենք, որ սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների հիմնական կլինիկական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխումներ, գլխացավ, գլխապտույտ, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, ընդհանուր թուլություն, բոտուլիզմի դեպքում նաև՝ բերանի չորություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, բբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձություն, կլման ակտի խանգարում, հավասարակողմ կաթված:
Վերոնշյալ ախտանշանները հայտնաբերելու դեպքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է անհապաղ դիմել Ձեր ընտանեկան բժշկին կամ մոտակա բուժհաստատություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ