Երեւանում տղամարդը երկաթե իրով հանել է կայանված «Պորշե»-ի առջեւի լուսարձակը ու տեղում բռնվել


Երեւանում տղամարդը երկաթե իրով հանել է կայանված «Պորշե»-ի առջեւի լուսարձակը ու տեղում բռնվել
Դեկտեմբեր 26 11:59 2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցել են 24-ժամյա ուժեղացված ծառայության։ Պարբերաբար ոստիկանությունը ներկայացրել է ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտված հանցագործության դեպքեր։

«Անդրադառնանք եւս մեկին, որն արձանագրվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի սպասարկման տարածքում։  Դեկտեմբերի 22-ի գիշերը բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված օպերատիվ խմբերը հրահանգավորվելուց հետո սկսեցին շրջագայել վարչական տարածքի փողոցներում ու բակերում։

Արդյունքում Պարույր Սեւակի փողոցում պարեկող կարգախումբը բացահայտեց անձնական ունեցվածքի գողության փորձ, քանի որ ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հանցագործությունն ավարտին չհասավ։

ՀՈԲ տեսուչ Վազգեն Ղազարյանի խոսքով՝ Պարույր Սեւակի թիվ 8 շենքի մոտակայքում նկատել են մի տղամարդու, որը կասկածելի վարք էր դրսեւորել։ Մեկ-երկու րոպե հետո երկաթե իրով հանել է շենքի բակում կայանված մեքենաներից մեկի առջեւի լուսարձակը, որը փոխանցել է մի քանի տասնյակ մետր իրենից հեռու սպասող մեկ այլ տղամարդու։ Ոստիկանները անմիջապես մոտեցել են։ Նրանք գցել են երկաթե իրն ու լուսարձակը եւ դիմեցին փախուստի։ Ոստիկանները հետապնդել ու լուսարձակը վերցրած տղամարդուն բռնել են։

Խոսքը Երեւանի բնակիչ, 33-ամյա Սանուել Գեղամյանի մասին է։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նրա «Օպելը», որի զննությամբ հայտնաբերվեցին դիմակ, պտուտակահաններ եւ այլն։

Զննվեց նաեւ դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվեց «Պորշե» մակնիշի մեքենայի լուսարձակ ու երկաթե իր, որոնք առգրավվեցին։ Ոստիկանները պարզել են մեքենայատիրոջ ինքնությունը, որից հաղորդում է ընդունվել։

Շարունակվում են միջոցառումները փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու ուղղությամբ։ Բնակչության անդորրով ու սեփականության պաշտպանությամբ մտահոգ ոստիկանների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են»,-ասված է հաղորդագրության մեջ։