Մեկնարկում է Վստրեչի Ապերի վերաբերյալ քրգործի դատավարությունը


Մեկնարկում է Վստրեչի Ապերի վերաբերյալ քրգործի դատավարությունը
Դեկտեմբեր 20 19:00 2018

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում՝ նախագահությամբ Մեսրպ Մակյանի, կմեկնարկի Վստրեչի Ապեր մականունով հայտնի քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը:

«Պրոֆիլակտիկ նկատառումներով» մարդկանց առևանգելու, ծեծելու պատմությունների մեջ հայտնվող, բայց դատա-իրավական համակարգի որոշ ներկայացուցիչների «կախարդական փայտիկներով» ազատության մեջ մնացող Արամ Վարդանյանը կրկին օրենքի հետ խնդիր ունի:

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված նյութերի՝ Արամ Վարդանյանը կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Մամիկոնին պատժելու նպատակով, նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առևանգումը կազմակերպելու համար:

Այդ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Արամ Վարդանյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից, բռնության գործադրմամբ առևանգել են Մամիկոնին և տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վարդանյանը ծեծի է ենթարկել առևագվածին և զենքով սպառնացել սպանել նրան:

Առևանգվածին մոտ 3 ժամ անազատության մեջ պահելուց հետո Ա. Վարդանյանը սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Մամիկոնը մեկնել է ՀՀ-ից և վերադարձել2018թ. ապրիլ ամսին՝ թավշյա հեղափոխությունից հետո, ու հաղորդում տվել հանցագործության մասին:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Արամ Վարդանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քր. օր-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Ավելի ուշ Արամ Վարդանյանը հայտնաբերվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, արտահանձնվել Հայաստանին, իսկ հետո նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է 50.000.000 դրամ գրավով, և նա ազատ է արձակվել:

Նախաքննական մարմինը և դատարանը, կարծես անտեսել են առևանգված և սպանության սպառնալիքի տակ գտնվող տուժողի անվտանգությունը:

Այժմ Արամ Վարդանյանի հետ մեղադրյալի աթոռին է միջադեպի ևս մեկ մասնակից՝ Գարեգին Իսկանդարյանը, ով մի քանի անգամ կալանավորվել է և ազատ արձակվել: Իսկ առևանգմանը մասնակցած ևս երկու տասնյակ անձանց իրավապահները «փնտրում են», բայց չեն գտնում: Նրանց մասով գործն առանձնացված է, և քննությունը շարունակվում է:

Գործն առանձնացնելու հանգամանքը տպավորություն է ստեղծում, որ քննչական մարմինն ու դատախազությունն ունեն Վստրեչի Ապերի մասով գործն արագ ավարտելու շահագրգռվածություն, իսկ մնացածի մասով՝ ինչպես կստացվի:

Տեսնենք, թե այս անգամ ինչ դեր են խաղալու Վստրեչի Ապերի և նրա շրջապատի անձնական կապերը...

Ընդհանրապես, վերջին՝ առնվազն երեք տարիների ընթացքում տեղի ունեցած հայաստանյան կրիմինալ ռազբորկաներում, կարծես, կիրառվում է ԿԳԲ-ի մեթոդը. Մի կլանին ժամանակավորապես հովանավորում են կամ «նմանակում» նրա հակառակորդի ձեռագիրը՝ մյուս հանցախմբերին վնասազերծելու համար, և այդ նպատակով կարող է օգտագործվել ցանկացած ինֆորմացիա, որը կարող է սրել հարաբերությունները, իրավիճակը, սադրել և սպանությունների շարքի մեկնարկ տալ: Իսկ թե ինչ նպատակով և ում միջոցով կարող է դա արվել՝ արդեն առանձին թեմա է, և դրան կանդրադառնանք առաջիկայում: