Մենք ուսումնասիրել ենք բոլոր ոլորտներն ու գիտենք՝ ինչ ենք անելու, ինչպես ենք անելու և ինչ գործիքներով: Այս մասին մարտի 12-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Եղեգնաձորում հայտարարել է ՀՀԿ համապետական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Մենք անելու ենք ամեն բան մեր պետության և ժողովրդի համար: Ապրիլի 2-ին մեկ անգամ ևս մտածեք և տվեք մեզ այդ վստահության քվեն և հավատացեք՝ ամեն տարի մենք ապրելու ենք ավելի լավ երկրում»- ասել է նախարարը:
Նա նաև հայտնել է մշակույթի ոլորտում սպասվող ծրագրերը՝ նշելով, որ միայն 2017թ.-ին մարզերում սպասվում է 426 մշակութային ծրագիր և շուրջ 200 կինոդիտում. «Մարզերի բնակիչները դիտելու են այն ֆիլմերը, որոնք Երևանի բնակիչն է դիտում հենց այդ պահին: Բացի դրանից, մենք այս տարի պատրաստվում ենք 15 մլն դրամ հատկացնել և երաժշտական գործիքներ գնել մարզերի տաղանդավոր երեխաների համար»: