Արցախյան պատերազմի մասնակից, ում երազանքը Հայաստանն ավելի արդար, բարգավաճ, իսկ ՀՀ քաղաքացիներին անհոգ տեսնելու ցանկությունն է: Խոսքը Կոտայքի մարզում ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Բաբայանի մասին է: ArmDay.am-ը «Կյանքը մեկ օրում» նախագծի շրջանակներում զրուցել է ԱԺ պատգամավորի թեկնածու Էդուարդ Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայան, Դուք կարելի է ասել միաժամանակ և՛ քաղաքականությունում էիք, և՛ քաղաքականությունում չէիք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշտապես եղել եք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին, բայց, այնուամենայնիվ, հիմա առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու անմիջականորեն եք մասնակցելու քաղաքական գործընթացներում: Ինչպե՞ս ընդունվեց որոշումը։
-Ուզում եմ անկեղծ ասել, որ ի սկզբանե նման որոշում չեմ ունեցել, բայց ընկերներս, , աբովյանցիները կարևոր դերակատարություն ունեցան այդ որոշման ընդունման հարցում: Ես կարծում եմ, որ պատգամավոր ընտրվելու պարագայում կկարողանամ օգտակար լինել մեր ժողովրդին և հարազատ մարզիս բնակիչներին՝ կոտայքցիներին։
-Հենց այդ հանգամանքո՞վ էր պայմանավորված, որ որոշեցիք Աբովյանում առաջադրվել։
-Դա իմ բնակավայրն է, և առաջադրվելու որոշումը հենց դրանով է պայմանավորված:
-Կա՞ ինչ որ առաքելություն, որ ուզում եք ընտրվելու դեպքում իրականացնել։
-Կարևորներից մեկը, որ ցանկանում եմ իրականացնել՝ դա երիտասարդներին ուղղված ծրագրերի մշակումն ու կյանքի կոչումն է: Սպորտի ոլորտում հատկապես ես՝ որպես մարզիկ, անելինքեր ունեմ: Միաժամանակ գիտեք, որ պարոն Ծառուկյանը մեծ ավանդ ու ներդրում ունի հայկական սպորտի զարգացման մեջ:
Առաքելություն, եթե ընդունված է այդպես ասել, նշեմ՝ սպորտային կյանքի շարունակական զարգացումը:
-Պարո՛ն Բաբայան, ի դեպ Օլիմպավանում տեղի ունեցած միջադեպի մասին ևս կցանկանայինք զրուցել: Մամուլում բազմաթիվ անգամ հրապարակվեց, Ձեր անունը ևս շահարկվում էր: Կասե՞ք ինչ է տեղի ունեցել այդ օրը:
-Ես մեկ անգամ արդեն մեկնաբանել եմ, կրկնվեմ, որ որևէ առնչություն չունեմ այն ամենի հետ, ինչ գրվել է մամուլում: Դուք, վստահ եմ, տեղյակ եք, որ ամենասկզբում եղան իրարամերժ հայտարություններ: Ինքը՝ Սլավիկը, ևս մեկնաբանեց, որ նրան ոչ ոք չի հարվածել: Նա դեղերի ազդեցության տակ է նման միտք արտահայտել:
-Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված Ձեր անձի շուրջ ծավալված խոսակցությունները։
-Ես արդեն նշեցի, որ տվյալ անձնավորությունը եղել է որոշ դեղերի ազդեցության տակ:
-Ի՞նչ եք կարծում, ինչու՞ պետք է աբովյանցիները կամ հարակից գյուղերի բնակիչները իրենց ձայնը տան հենց Ձեզ։
-Թող անհամեստության չթվա, բայց կարծում եմ նույն այդ մարդկանց խնդիրների լուծման մեջ իմ մասնակցությունը տարիներ շարունակ եղել է, ուղղակի ինքս չեմ սիրում իմ մասին պատմել: Շատերը չգիտեն նույնիսկ, որ ես Արցախյան պատերազմի մասնակից եմ, չեմ սիրում, երբ ինձ գովում են։ Միաժամանակ ուզում եմ հստակ նշել, որ ընտրությունը յուրաքանչյուր քաղաքացունն է, եթե մարդիկ ցանկանում են, որ ես ընտրվեմ ԱԺ պատգամավոր, ապա իրենց քվեն կտան ինձ, եթե ոչ, ապա դա չի խանգարելու, որ ես շարունակեմ անել այն, ինչ արել եմ իմ մարզի բնակիչների համար այս տարիների ընթացքում:
-Պարո՛ն Բաբայան, նշեցիք, որ հայկական սպորտի զարգացմամբ եք ցանկանում աշխատանքներ տանել, այնուամենայնիվ մարզն ունի խնդիրներ, ապրելով այստեղ, ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք։
-Հիմնականը աշխատատեղերի խնդիրն է, որը առկա չէ միայն Աբովյանում, այլ ողջ Կոտայքի մարզում կա այդ խնդիրը, բացի այդ բազմաթիվ վթարային շենքեր կան, կուզենայի, որ այդ վթարային շենքեըին լուծումներ տրվեր։
-Տեղյակ ենք, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ բնակարանաշինական ծրագիր է իրականացվում Աբովյանում: Դուք ի՞նչ կասեք այդ ծրագրի մասին։
-Այդ ծրագրերը հիմնականում արվում են երիտասարդ ընտանիքների համար, սակայն բացի այդ դրսի հայերը կարող են գալ և բնակություն հաստատել հենց Կոտայքի մարզում։ Գագիկ Ծառուկյանը հնարավորություն է տալիս, որ հայրենադարձները տուն ունենան և ապրեն իրենց հայրենիքում։ Սա շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ: Տեղյակ եք, որ պայմանները ևս հարմար են: Սա հնարավորություն կտա, որ մարզի բնակիչը մնա իր մարզում: Հայաստանի աշխարհագրական դիրքից և դառը փորձից ելնելով՝ բնակարանաշինությունը կատարվում է սեյսմակայունության վերջին ստանդարտներով:
-Կխոսե՞ք նաև Ձեր ընտանիքի մասին, ինչպիսի՞ն եք Դուք ընտանիքում և աշխատավայրում։
-Ես շատ խիստ ծնող եմ, և դրա հետ միասին բարի։ Ունեմ երկու աղջիկ, մեկ տղա։ Երկու աղջիկներս սովորում են ԵՊՀ-ում՝ միջազգային հարաբերություններ և իրավաբանություն մասնագիտություններով, իսկ տղաս՝ Ամերիկյան համալսարանում։
-Ինչպիսի՞ ապագա եք պատկերացնում Ձեր երեխաների համար, այս «նոր Հայաստանը» բավարա՞ր է, թե՞ կան անելիքներ։
-Շատ անելիքներ կան, ես ուզում եմ, որ իմ երեխաներն ու բոլոր երեխաներն ապրեն բարեկեցիկ Հայաստանում՝ բարգավաճ Հայստանում։ Որդիս ընդունվել էր միջազգային համալսարան՝ Եվրոպական հայտնի համալսարաններից մեկը, նանոտեխնոլոգիաների բնագավառով է հետաքրքրված, սակայն առկա պրակտիկայից ելնելով թույլ չտվեցի հեռանալ երկրից, քանի որ մտավախություն ունեի, որ այլևս չի վերադառնա։ Մի տղա ունեմ, չեմ ուզի հեռանա։ Ես ինքս ամենավատ տարիներին հնարավորություն ունեի գնալ երկրից, բայց շատ եմ սիրում իմ Աբովյանն ու աբովյանցիներին։
-Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում, ու՞մ եք համարում Ձեզ մրցակից։
-Կարծում եմ բոլորս էլ մեկս մյուսիս մրցակիցներ ենք: Ամենակարևորը, որ լինեն ազատ ու արդար ընտրություներ, բայց շանսերի մասին բան չեմ կարող ասել, ժողովուրդն ում ձայն կտա, նա էլ կըտրվի: Կարծում եմ քիչ ժամանակ է մնացել և ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կդառնա:
-Առաջին քայլը ո՞րն է լինելու, տեսնելու՞ ենք Էդուարդ Բաբայանին ակտիվ ելույթներ ունենալիս։
-Անկեղծ ասեմ, որ ես ելույթներից առավել գործի մարդ եմ, միշտ լինելու եմ մեր կոտայքցիների կողքին, ու, այո՛, եթե հարկ լինի՝ բարձրաձայնելու եմ։
-Խոսենք արցախյան պատերազմից, ինպե՞ս որոշեցիք մասնակցել։
-1991թ․ 19 տարեկան էի, ավարտեցի Տեխնիկումը երկրի վիճակը կայուն չէր, սակայն զինկոմիսարիատները այդքան չէին պարտադրում ներկայանալ հաշվառման, սակայն ես որոշեցի իմ կամքով գնալ, որովհետև իմ ընկերները բոլորն էլ գնում էին։ Այն զորամաս, որտեղ զորակոչվեցի, այդ զորամասից պատերազմ չէին տանում, ասում էին՝ «դեռ ջահել եք», ես ստիպեցի, որ տանեն, քանի որ ես շատ վատ էի զգում, որ ընկերներս կռվում էին, իսկ ես այնտեղ չեմ։
-Ի՞նչ հետք թողեց պատերազմը Ձեր կյանքում։
-Սկսեցի ավելի շատ սիրել իմ երկիրը։
- Կա՞ մանկության երազանք, որ իրականացել է։
-Այն, ինչ իմ երիտասարդության տարիներին անհասանելի էր մեր սերնդի համար, ես փորձեցի հնարավոր դարձնել իմ երեխաների համար:Ամեն ինչ արել եմ, որ իմ երեխաները շատ լավ կրթություն ստանան իրենց հայրենիքում:
Հարցազրույցի այս հատվածում առաջարկում ենք բլից հարցեր:
-Կյանքը մեկ օրում...
–Աշխատանք:
-Ո՞րն է Ձեր երազանքի Հայաստանը։
-Որ իմ ժողովուրդը բարեկեցիկ ու երջանիկ լինի։
-Ձեր առաջին գումարը ո՞նց եք աշխատել և ինչի՞ վրա եք ծախսել։
-8-րդ դասարանում՝ ամառային արձակուրդներին, գնացել էի բանվորություն էի անում, 100 ռուբլի ստացա, որով մորս ու քրոջ համար ժամացույց գնեցի։
-Մի օր ես…
-Անպայման կտեսնեմ Հայաստանը բարգավաճ և բարեկեցիկ:
-Տարիների ընթացքում…
- Ձեռք եմ բերել կյանքի մեծ փորձ:
Փայլակ Ֆահրադյան Տաթև Այվազյան