Ջրի սակագինը կթանկանա շուրջ 11 դրամով, սակայն սակագնի բարձրացման կիրառումը կհետաձգվի մինչև 2025 թվականը. ՀԾԿՀ


Ջրի սակագինը կթանկանա շուրջ 11 դրամով, սակայն սակագնի բարձրացման կիրառումը կհետաձգվի մինչև 2025 թվականը. ՀԾԿՀ
Նոյեմբեր 28 16:17 2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այսօր կայացած նիստում քննելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուց­ման սակագների ճշգրտման մասին հարցը, հաստատել է, որ 1 խմ ջրի սակագինը կթանկանա 10,858 դրամով, սակայն սակագնի բարձրացման կիրառումը կհետաձգվի մինչև 2025 թվականը:

Նշենք, որ ըստ «Վեոլա ջրի» հաշվարկի՝ սակագինը պետք է բարձրանար 202,272 դրամ/խմ սակայն ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի ծառայությունների մատուցման գումարային սակագինը ճշգրտել և սահմանել է 191,414 դրամ/խմ:   

Ըստ ՀԾԿՀ մամուլի հաղորդագրության՝  հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված վարձակալության պայմանագրի և ընկերության լիցենզիայի պայմաններով ամրագրված սակագնի ճշգրտման գործոնները, ինչպես նաև՝ հաշվի առնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը (որի համաձայն հաշվարկված 202,272 դրամ/խմ սակագնից 10,858 դրամ/խմ մեծությունը, համապատասխան ճշգրտումներից հետո, տեղափոխվել է 2025 թվական), որոշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը ճշգրտել և սահմանել 191,414 դրամ/խմ՝ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Հանձնաժողովի սահմանած սակագնից 11,414 դրամ/խմ մեծությունը սուբսիդավորելու մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գրությամբ ներկայացված տեղեկությունն ընդունվեց  ի գիտություն։ Արդյունքում՝ բաժանորդները խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին ևս կշարունակեն վճարել գործող 180 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնով։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից։