Քոչարյանի գործով Վերաքննիչում դատավորն ընտրվել է վիճակահանությամբ, որի համար էլ միջնորդում են ինքնաբացարկ հայտնել


Քոչարյանի գործով Վերաքննիչում դատավորն ընտրվել է վիճակահանությամբ, որի համար էլ միջնորդում են ինքնաբացարկ հայտնել
Նոյեմբեր 28 15:40 2018

ՀՀ Վերաքննիչ դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության նիստում պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, քանի որ ըստ որոշ տեղեկությունների՝ դատավորն ընտրվել է միջնորդությամբ։

«Նիստից մի քանի օր առաջ տեղեկացնաք, որ Վերաքննիչ դատարանում վիճակահանություն է տեղի ունեցել, որի արդյունքներով որոշվել է, թե որ դատավորը պետք է քննի այս գործը։ Իսկ վիճակահանություն օրենքով նախատեսված չէ», - այսօր Վերաքննիչ դատարանում նիստից հետո հայտարարեց Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Փաստաբանի փոխանցմամբ, երեկ այդ տեղեկությունը ճշտել են դատավոր Ռուբեն Մխիթարյանից, և վերջինը հաստատել է։

«Դատավորի հաստատելուց հետո, մենք միջնորդեցինք, որ դատավորը ներկայացնի վիճակահանության մասին արձանագրությունը, որովհետև Քրեական դատավարության օրենսգրքում ցանկացած կատարված գործողություն պետք է նյութեղեն ամրագրում ունենա։ Սակայն դատավորը սենյակից հեռացավ ու ասաց, որ նման արձանագրություն չկա։ Եվ հետո որոշ լրացուցիչ պարզաբանումներ արեց՝ ասելով, որ այո՛, թեկուզ վիճակահանություն եղել է, ես եմ վերցրել թղթի կտորը, բայց ես չգիտեմ՝ դատարանի նախագահը երբ գործը ինձ է հանձնարարել, վիճակահնության արդյունքում է որոշել, թե՞ ուրիշ չափանիշի հիման վրա է նման որոշում կայացրել։ Այսինքն՝ դատավորը էլ ավելի անորոշ վիճակի մեջ գցեց մեզ։ Այնուհետև առաջարկեց այդ ամենը ճշտել Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնակատարից, ինչը մենք փորձեցինք անել։ Գրություն ներկայացրինք՝ խնդրելով ներկայացնել դատավորի անձի ընտրության չափանիշները», - ներկայացրեց Ալումյանը։

Դատարանի նախագահի պաշտոնակատարն ի պատասխան ասել է, որ դատավորի ընտրության համար վիճակահանություն կայացել է, որի արձանագրություն չկա։ Բացի այդ, դատարանի նախագահի պաշտոնակատարը մեկ այլ պատճառ էլ է մատնանշել՝ դատավորն ընտրվել է պատահականության և դատավորների ծանրաբեռնվածության սկզբունքի հիման վրա։

«Սա արդեն հակասական է՝ եթե պատահականության սկզբունքով է որոշվել, ուրեմն ծանրաբեռնվածությունը չէր կարող հաշվի առնված լինել, եթե ծանրաբեռնվածությունն է հաշվի առնվել, ապա պատահականություն չի կարող լինել», - նկատեց փաստաբանը։

Ալումյանի պնդմամբ, չկա այնպիսի օրենք, որով սահմանվում է դատավորների ընտրության նման ընթացակարգ։

Փաստաբանական խմբի ներկայացրած միջնորդությանը մեղադրող կողմը, որն այս գործով ներկայանում է դատախազական 6 հոգանոց կազմով՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, չի առարկել ներկայացված միջնորդությանը և ցուցաբերել է չեզոք դիրքորոշում։

«Զարմանալիորեն քննիչը ևս հայտարարեց, որ դատավորը չի կարող քննել այդ գործը։ Իմ կարծիքով, նրանք պատրանք են ստեղծում, թե իբր երկու կողմերն էլ դատավորի դժգոհ են», - նշեց Ալումյանը։