ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Մասնավորապես դատարանը չի ապացուցել, թե ինչ չափանիշով է ընտրվել նախագահող դատավորը։
Պաշտպանը նշեց, որ լրատվամիջոցից տեղեկացել են, որ վիճակահանությամբ է գործը մակագրվել դատավոր Ռուբեն Մխիթարյանին, մինչդեռ ըստ նրա՝ նման կարգ գոյություն չունի։ «Մենք դատարանից պահանջեցինք վիճակահանության արձանագրությունը, դատավորն ասաց, որ արձանագրություն չկա, իսկ դատարանի կազմը որոշվել է պատահականության սկզբունքով եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով»,- ասաց նա։
Ալումյանի խոսքով՝ դատարանի երկու հիմնավորումները հակասում են իրար. «Օրենքով պետք է որոշվի դատարանի կազմը եւ գործը պետք է քննի դատարանի այն կազմը, որը ձեւավորվել է օրենքի հիման վրա»,- ասաց նա։
Դատարանը պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 17:00-ին։