Աջ ղեկով մեքենաների ներմուծման հարցը դեռ օդից կախված է: Բագրատաշենում հերթերը չեն վերացել, մարդիկ Վրաստանում ղեկի տեղափոխություն են անում, որի արդյունքում` հարստացնում են հարևան երկրի բյուջեն: Այս և այլ հարցերի շուրջ ArmDay.am-ը զրուցել է փաստաբան Արտակ Խաչատրյանի հետ:
-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ժամկետների հետ կապված փոփոխությունները, ըստ որի` աջ ղեկով մեքենաների արգելքը դարձել է անժամկետ:
-Օրենքի նախագծով՝ նախատեսվել է աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը մինչև հոկտեմբերի 1-ը, հանրությունը դրան տեղյակ է եղել, բայց վերջերս նախագծից հանում են «մինչև հոկտեմբերի 1» արտահայտությունը և թաքուն դա անց են կացնում, ստացվում է՝ անժամկետ արգելք։
-Ինչո՞ւ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը բավականին երկար ժամանակ չի կարողանում լուծում տալ այս հարցին, ի՞նչ բարդություններ կան:
-Տրանսպորտի նախարարները միասին, իրար հետ վերցրած, կարելի է ասել, ոչինչ չեն արել: Հիմնականում չիմացության պատճառով է, որ շատ հարցեր մնում են անլուծելի: Նախարար կա գալիս է եղածը փչացնելու համար, ոչ մի բանով չի տարբերվում, բայց գոնե գոհ շնորհակալ ես լինում, որ եղածը չավիրեց: Նախարար կա, գալիս է եղածը քանդելու, բայց ոչ՝ նորը կառուցելու: Մեկ- մեկ նայում ու տեսնում ես, որ ոլորտի հետ կապ չունեն: Հնարավոր է՝ մի ճյուղի հետ առչնչություն են ունեցել: Մեկը ձեռքը սեղանին խփել գիտի, ուրիշ բան չգիտի, մեկն էլ շատ բան գիտի, ձեռքը սեղանին խփել չգիտի:
-Ո՞րն է այս ոլորտում խնդիրների լուծման ամենաարագ ճանապարհը:
-Պետք է նախ ոլորտն ուսումնասիրել, տեսնել՝ ով, ինչքան է կերել, նոր դրանից հետո որոշել, թե ինչ անել: Ալարում են ելքեր փնտրել, փոխարենն ասում են՝ ո՞վ էր իրենց խնդրել բերեն, թող տանեն Վրաստան ծախեն: Թողով երկիր չես կառուցի, հազար ու մի տարբերակ կա օգտագործելու:
-Աշոտ Հակոբյանը նշել էր, որ համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն, ԵՏՄ տարածքում 2020թ.-ի հունվարի 1-ից արգելվելու են աջ ղեկով մեքենաների ներմուծումը:
-Այո, մեր նախարարը տեղյակ չէ, որ 2020 թվականի հունվարի 1-ին է ուժի մեջ մտնում օրենքը, գիիտի թե այս հունվարի մեկից է ու արդարանում է, թե միևնույնն է՝ ժամանակ չի մնացել, պիտի փորձաքննություն անցնել: Իրականում, փորձաքնության տանելու մեջ դժվար բան չկա, մեկ օրում անելու գործ է:
-Ո՞րն է այս հարցով Տրանսպորտի նախարարության ամենամեծ թերացումն ըստ Ձեզ, հատկապես, որ Հակոբ Արշակյանը պայքարել է նույն օրենքի դեմ և ժամանակին եղել է «Հանուն աջ ղեկի» ակցիայի ակտիվիստներից։
-Պատվաբեր բան է, երբ պաշտոն ես ստանձնում ու նախկին իշխանությունների թողած սխալները համարձակություն ես ունենում վերցնես քեզ վրա: Իսկ մեր նախարարները հերթով խուսափում են պատասխանատվությունից:
-Այժմ, ի՞նչ վիճակ է Բագրատաշենում, հերթերը շարունակո՞ւմ են գոյանալ:
-Այո, ընդհանուր առմամբ, փոփոխություն չկա: Հազարավոր մեքենաներ բերում են Վրաստան, ղեկը փոխում, բերում են Հայաստան: Ամեն մեկը մինիմում հազար դոլար արժե: Եկեք հաշվենք, ի՞նչ է ստացվում: Այդ մեկ միլիոն դոլարը ոչ թե Հայաստան է մտնում, այլ՝ Վրաստան, Էլ չասեմ՝, որ հերթերի պատճառով որակապես տուժում են ղեկի փոխման աշխատանքները: Շատ վատ են սկսել անել ամեն ինչ, դրա համար էլ մեքենան մինչև տեղ են հասցնում, ճանապարհի կեսին բան չի մնում:
Հստակ առաքելություն ունեցող պաշտոնյա ջան, դու ո՞նց ես գիշեը հանգիստ քնում, երբ հարուրավոր մարդիկ «չոլում» հերթ են կանգնած
-Նախարարի խոսքով՝ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ հարցը որևէ մեկը որևէ մեկի վրա չի գցում, հստակ է՝ օրենքն արգելում է դրանց ներկրումը որպես տրանսպորտային միջոց:
-Օրենքը ոնց գրել են,այնպես էլ թող վերանայեն: Օրենքը մարդի՞կ չեն գրում: Երկնային օրենքներ կան, որ փոխել չեն կարող, բայց երկրային օրենքները փոխելի են:
-Ասում են՝ անվտանգությանն նկատառումներից ելնելով է օրենքն արգելում:
-Դա անհիմն ձևակերպում է: Մեր երկրում դեռ նման վտանգ չկա:
-Վերջապես սայլը տեղից շարժվել է. աջ ղեկով մեքենաների ներմուծողներին հարցի լուծման 3 տարբերակ է առաջարկել նախարարի պաշտոնակատարը:
-Այո,առաջին տարբերակը մեքենան ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդը՝ ընտրել տարանցիկ ճանապարհ, այսինքն տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, իսկ երրորդ տարբերակը՝ տալ 1 տարի ժամանակ, որ ներմուծվող մեքենաները հնարավոր լինի վերասարքավորել և սարքել ձախ ղեկ։ Տրամադրվող մեկ տարվա ընթացքում մարդիկ կարող են մեքենան օգտագործել որպես տրանսպորտային միջոց, սակայն, չեն կարող գրանցել այն: Իրականում, վատ տարբերակներ չեն և եթե հնարավոր էր նման լուծում տալ հարցին, այսքան ձգձգելն իմաստ չուներ:
-Կառավարության որոշումն արդեն պատրաստ է, այն դրված է շրջանառության մեջ և վերջնական որոշումը կլինի համապատասխան գերատեսչությունների եզրակացություններից հետո: Ի՞նչ եք կարծում կընդունեն այն, թե ոչ:
-Եթե ցանկություն ունեն, կընդունեն, եթե ոչ, ձևական հարցը քննարկման կդնեն, բայց չի անցնի: -Ի՞նչ եք կարծում այս խնդրից Հակոբ Արշակյանը գլուխ կհանի՞ նրան փոխարինող տեսնո՞ւմ եք:
- Ինչպես նշեցի՝ ամեն ինչ ցանկությունից է կախված: