ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։ Նոյեմբերի 7-16-ը` նա կգնահատի խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի իրականացումը:
«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում. այն հսկայական ներուժ է պարունակում մարդու իրավունքների, հատկապես խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի համապարփակ պաշտպանության եւ ամրապնդման ուղղությամբ , ինչպես նաեւ օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից եւ տնտեսական զարգացումից օգտվելու համար», - ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը:
«Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝ ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված տեղեկատվության միջոցով»:
Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք եւ Երեւան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաեւ դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: