Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին


Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին
Հոկտեմբեր 31 16:55 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում առկա համագործակցությանը, պատրաստակամություն հայտնել կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ևս երկու երկրների միջև զարգացնելու և ընդլայնելու գործակցության ուղղությունները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պավել Չեպլակն ընդգծել է, որ համագործակցության արդյունքում վերջին տարիներին ավելացել է Հայաստանից դեպի Լեհաստան ավիաչվերթների քանակը։ Եթե 2015թ. ամառային սեզոնին եղել է շաբաթական 3 թռիչք, 2017 և 2018 թթ. կրկնապատկվել է՝ հասնելով 6-ի։

Դեսպանը նաև հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում գործնական քայլեր կանի նախարարության գործունեության ոլորտներում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։