Գևորգ Լոռեցյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար


Գևորգ Լոռեցյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար
Հոկտեմբեր 31 15:46 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Լոռեցյանը նշանակվել է  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Լոռեցյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ Գևորգ Լոռեցյանը 2018 թ. հուլիսի 4-ից զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

Գևորգ Լոռեցյանի կենսագրությունը

Ծնվել է 1994 թ. հոկտեմբերի 11-ին, ք. Գյումրում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, տնտեսագետ։

Կրթություն

2012թ. ավարտել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանը և ընդունվել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի Տնտեսագիտության տեսություն բաժինը: 

2016թ. ավարտել է համալսարանն ու ստացել բակալավրի աստիճան։ 

Նույն թվականին ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի ու տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ տնտեսագիտության բաժինը: 

2018 թվականի մայիսին ավարտել է ՀԱՀ-ը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան (Master of Science in Economics)։ 

2013-2016 թվականներին եղել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ:

Մասնակցել է ոչ ֆորմալ կրթության շրջանակում իրականացված մի շարք միջազգային կրթական ծրագրերի:

Տիրապետում է անգլերեն, իսպաներեն ու ռուսերեն լեզուներին։

ՀՀ ԶՈՒ-ում չի ծառայել։

Աշխատանքային գործունեություն

2015 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 12-ն աշխատել է որպես Vivaro News լրատվական կայքի լրագրող, այնուհետև նաև միջազգային բաժնի խմբագիր։ 

2018 թ. հունվարի 15-ից մինչև 2018 թ. հունիսի 27-ն աշխատել է «Սաբարկո» ՍՊԸ-ում՝ որպես Սպորտի պրոդուկտ մենեջեր։

Քաղաքական գործունեություն

2016 թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 

Նույն թվականին մասնակցել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին՝ ընդգրկված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։