Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվելու է տուգանային միավորների համակարգը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր:
Վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր: Տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:
ArmDay.am-ը տուգանային այս համակարգի դրական և բացասական կողմերի մասին զրուցել է Խաչատուրով փաստաբանական գրասենյակի փաստաբան Արտակ Խաչատրյանի հետ:
Նրա խոսքով՝ ցանկացած օրենք, որ ընդունում են, ինչ-որ նպատակ հետապնդում է, մեծ հույսեր են կապում դրանց հետ, իսկ դրական և բացասական կողմերը ընթացքում ի հայտ կգան:
Փաստաբանը չնայած տուգանային համակարգում որոշ թերություններին, այս համակարգին նորմալ է վերաբերվում:
«Ես կողմ եմ բալային այս համակարգին, քանի որ սա տարբերակ է վարորդին սթափեցնելու, որ որոշ ժամանակ անց միավորները կորցնելով կարող է զրկվել վարորդական իրավունքից: Իսկ երբ այն միայն տուգանքի տեսքով էր կատարվում, նաև հնարավորություն էր տրվում, այսպես ասած,«փող աշխատել»»:
Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքում գործող 100,000 դրամ տուգանքը կնվազեցվի և կսահմանվի 25,000 դրամ, սակայն վարորդը կկորցնի 4 միավոր: Երկուսից ավելի անգամ ոչ սթափ վարելու պարագայում վարորդը կկորցնի իրեն տրված 9 միավորն ամբողջությամբ և որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից:
Եթե վարորդի 1 լիտր արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը գերազանցի 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ գերազանցի 0.5 միլիգրամը, վարորդը կզրկվի մեքենա վարելու իրավունքից 1 տարի ժամկետով: Եթե վարորդը թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարի, ապա կզրկվի վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Եթե վարորդները խուսափեն ոչ սթափ վիճակի զննության պահանջից, ապա վարորդական իրավունքից կզրկվեն 2 տարի ժամկետով:
Այս առիթով փաստաբանը նշեց. «Ալկոհոլ օգտագործելու համար թեկուզ միլիոններով տուգանես, խմողը խմելու է: Սրա մոտեցման ձևն այլ է: Իհարկե, պետք է վախեցնելով նախականխել, սակայն մի ճիշտ մոտեցում կա. եթե երկար ժամանակ պայքարում ես և չես կարողանում այս հարցում արդյունքի հասնել, ուրեմն՝ պետք է փոխել ռազմավարությունը:Ստանդարտ քայլեր կիրառել պետք չէ: Պետք է նոր մեթոդներ կիրառել»:
Այն հարցին, թե արդյոք անիմաստ չեն դառնում արագաչափերի տեղադրումը, երբ գոյություն ունեն հատուկ սարքեր, որոնք նախազգուշացնում են այդ մասին, փաստաբանը պատասխանեց.
«Չէի ասի, որ անիմաստ են, բայց անարդյունավետ են: Ամբողջ աշխարհում է այդպես. շնորհիվ համակարգչային ծրագրերի՝ մեծամասնությունը գիտի արագաչափերի գտնվելու վայրերը»:
Արագաչափերի հետ կապված Խաչատրյանն օրինակ բերեց.
«Ես կողմ եմ, որ արագությունը բարձրացվի, սակայն դրա հետ մեկտեղ պետք է ապահովել ճանապարհային պայմանները: Հայաստանում և Վրաստանում այսպիսի մի բան կա:
Օրինակ, եթե տվյալ վայրում 60 արագություն է սահմանված, սակայն այդ ճանապարհը ոչ բարվոք վիճակում է գտնվում, այստեղ վերանայել է պետք: Ճանապարհները, պարբերաբար, վերանորոգումների ընթացքում արագությունը իջեցնում հասցնում են քառասունի կամ երեսունի, սակայն արագաչափերը, ինչպես տեղադրված են եղել, այդպես էլ մնում են՝ առանց փոփոխությունների ենթարկվելու: Սա արդեն բացթողում է»,-ասաց վարորդների իրավապաշտպանը:
ArmDay.am-ը վարորդներին բարի երթ է մաղթում և կոչ անում՝ պահպանել երթևեկության կանոնները,խուսափել հնարավոր վթարներից, քանզի օրենքով սահմանված ոչ մի պատիժ ի զորու չէ վերադարձնել մարդկային կյանքը: