Հոկտեմբերի 11-12-ն տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանի այցն Արցախ: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր:
Արցախի քաղաքացիական հասարակությունը, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներգրավված լինեն մարդու իրավունքներին առնչվող միջազգային գործընթացներին: Պետք է ակտիվ լինեն նաև միջազգային իրավապաշտպանների այցերն Արցախ: Այս խնդիրները պահանջում են բոլորիս միասնական ու անընդհատ ջանքերը: Տարվող աշխատանքը պետք է լինի ապաքաղաքական ու բարձր պրոֆեսիոնալ՝ սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կառույցների հետ կապերի ճկուն գործադրմամբ:
Այս բոլոր հարցերում առանցքային է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը: Վստահ ենք, որ այս կառույցի աշխատանքը շարունակվելու է լինել արդյունավետ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործադրի բոլոր ջանքերը ձևավորված ամուր համագործակցությունը զարգացնելու համար: