Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, որն իրականացնողները անվանում են թավշյա հեղափոխություն, այլեւս չորս ամիս է իրականություն է։ Երբեմնի իշխանություն ՀՀԿ-ն, այսօր հանդես է գալիս ընդդիմադիր կեցվածքով, քննարկում ու քննադատում այն հարցերը, որոնք անլուծելի են եղել նաեւ իրենց կառավարման տարիներին։ Ի՞նչ սպասելիքներ ունեն նախկին իշխանությունները՝ գործողներից, ինչպե՞ս են տեսնում Արցախյան հիմնախնդրի լուծումն ու ի՞նչ է փոխվել վերջիններիս կյանքում իշխանափոխությունից հետո։ Armday.am-ի՝ «Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն այս անգամ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն է։
- Պարոն Շարմազանով, մեր զրույցը սկսենք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած հայտնի խոսակցության հրապարակայնացումից։ Ձայնագրությունը, որը հայտնվեց համացանցում ակտիվորեն քննարկվեց ու քննարկվում է։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այդ խոսակցության առանցքում է, անդրադարձել է հիմնականում բովանդակությանը, մինչդեռ շատերին մտահոգել է բուն ձայնագրության փաստը։ Ձեզ հատկապես, ո՞ր հանգամանքն է մտահոգել։
Ինձ մտահոգում է երկու մասն էլ։Անհանգստացնում է, որ հեռախոսազրույցները գաղտնալսվել են, եւ այստեղ կա անվտանգության հարց։Ես բազմիցս եմ նշել, որ պետականության հարցերով Փաշինյանի, եւ ոչ միայն նրա, ԱԺ իմ գործընկերների հետ պարբերաբար հեռախոսով լինում են դեպքեր, երբ քննարկումների առիթ է լինում, եւ այնտեղ մենք քննարկում ենք ոչ այնքան անձնական, որքան պետության արտաքին քաղաքականությանը առնչվող հարցեր։ Եթե ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին են լսում, բնականաբար ԱԺ նախագահին ու փոխնախագահին էլ կարող են լսել, ինչը շատ մտահոգիչ է, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, եւ պետք է լինի համակողմանի փորձաքննություն եւ քննչական գործողություններ, եւ շատ ճիշտ է, որ ԱԺ-ը քննիչ հանձնաժողով է ստեղծել։ Բովանդակության մասով։ Այն կրկնակի մտահոգիչ է, եւ ինչքան էլ մեր իշխանական գործընկերները նշեն, որ արտառոց բան չկա, բովանդակությունը ոտից գլուխ արտառոց է։Եթե այդ խոսակցությունը տեղի ունենար Գորիկ Հակոբյանի եւ Վահրամ Շահինյանի միջեւ, ինչ կանեին, վարչապետն ինչ կաներ, կասեր ամեն ինչ նորմալ է։ Ի՞նչ է նշանակում երկու օր նստեցնենք խելքը գլուխը կգա։ ՄԻՊ-ը արդեն արել է հայտարարություն, որտեղ հստակ նշված է, որ պետք է մարդուն նստեցնել, հետո փաստեր ձեռք բերել, այլ փաստերի հիման վրա կալաավորել, իսկ ՀՔԾ պետն ասում է Խաչատուրովին բռնենք երկու օր պահենք կխոսի։ Սա խայտառակություն է։ Եթե դատավորի եւ ԱԱԾ պետի խոսակցությունը, որն հիմա ասում են չկա, ինչ իրավունք ունի որեւէ պաշտոնյա անկախ դատարանին խորհուրդ տա, որ դուխով եղի, կամ ուզես չուզես փակես։ Եթե սա նույնիսկ ես, կամ մեկ այլ պատգամավոր ասի, դարձյալ մտահոգիչ է։ Հիմա սա ճնշում է դատարանների նկատմամբ, թե ոչ։ Վերանանք անձերից, վերանանք, որ նույնիսկ Հայաստանում է։ Ինչի ե՞ք կապի դուրս գալիս դատավորի հետ։
-Բայց դատավորը հերքել է այդ ամենը։
Հիմա շատ բաներ կարելի է հերքել։ Կլինեն քննչական գործողություններ կտեսնենք։ Կոնկրետ ձայնագրության մեջ նման հատված կա։ Հետո այնտեղ էլի բաներ կան։ «Ինչի՞ Սեյրանին չես փակում, երբ են փակելու»,- այսինքն հուշում են տալիս, թե ինչ անեն։ Բովանդակությունը իսկապես շատ մտահոգիչ է, եւ խոսքի ազատության, եւ իշխանությունների տարանջատման առումով։
-Քննիչ հանձնաժողով է ստեղծվել, մինչդեռ ԱԺ ԵԼՔ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցություններից նշում են, որ այն ստեղծվել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումով։
Գլխավոր դատախազությունը ափալ- թափալ, ինչպես Աշոտյանն էր ասել քրեական գործ հարուցեց, որպեսզի մենք չկարողանանք այդ վերնագրով քննիչ հանձնաժողով ստեղծենք, չնայած քննիչ հանձնաժողովն արդեն իսկ ստեղծված էր, հենց ստորագրությունները հավաքվում են, այն ավտոմատ իրավունքի ուժով ստեղծվում է, եւ ցավում եմ, որ մեր իշխանական պատգամավորներից մի քանիսը քննարկում էին քննիչ հանձնաժողով ստեղծել, թե ոչ։ Ինձ օրենք, սահմանադրությունը նման լիազորություն տվել է, ձեր ինչ գործն է։ Այն ժամանակ դուք էիք ընդդիմությունը, դուք էիք ձեզ ճղում, թե բա ոնց, հիմա արել ենք։ Իրավունքի ուժով քննիչ հանձաժողով ստեղծել ենք, եւ չհասկացա իշխանական պատգամավորների՝ ամեն գնով կուրծք ծեծելը, թե դատախազությունը զբաղվում է, ես այսօրվա իրավապահ համակարգին փաստեր ունեմ՝ չեմ վստահում։
-Բայց պարոն Շարմազանով, գլխավոր դատախազին ՀՀԿ-ն է ընտրել։
Հա ինչ անենք, որ մենք ենք ընտրել, Նիկոլին էլ է այս ԱԺ-ն ընտրել, բայց ոչ նրա համար, որ կանգնի ասի, բոլորիդ ասֆալտին կպառկացնեմ։ Լավ ենք արել ընտրել ենք, ընտրել ենք, որ Սահմանադրությամբ գործի, բայց չենք ընտրել, նրա համար, որ «Սասնա Ծռերին» միջնորդի, որ դուրս գան ձեն չհանի։ Այսինքն այստեղ մտահոգություններ կան։ Մենք տեսանք, որ իրավական դաշտում նրանք ջախջախվեցին։ Երբ, որ Նիկոլը ԱԺ պատգամավոր էր, ասում էր ես ԱԺ պատգամավոր եմ, է դու պատգամավոր էիր, մենք էլ սադի Գոքորը, մենք էլ ենք պատգամավոր, ունենք այդ նույն իրավունքները եւ կարող ենք իրացնել այն։ Այդ իրավունքը տվել է Սահմանադրությունը։ Մենք այսօր Հայաստանում ունենք մեկ անձի բացարձակ իշխանություն, դա շատ վտանգավոր է։
-Նախկինում այդպես չէ՞ր։
Ոչ, նախկինում այդպես չի եղել։ Ավելին այդ քննիչ հանձնաժողովը․․․ Սերժ Սարգսյանը չգիտեր, որ ինքը պետք է գնար, Նիկոլը՝ գա, ընդդիմությանը այս նույն իրավունքը մենք ենք մեր բարեփոխված Սահմանադրությամբ տվել ընդդիմությանը։ Երբ, որ այսօր պառլամենտը անկախ է, մենք ենք այդ իրավունքը տվել, որ կառավարությունն է հաշվետու խորհրդարանին, ոչ թե հակառակը։ Բացի այդ մենք հո չգիտեինք, որ Նիկոլ Փաշինյանը գալու է իշխանության, մենք դառնալու ենք ընդդիմություն։ Հիմա մեզ մնում է մեղադրեն, որ այս ամենն արել ենք, որ օգտվենք։
-Ի դեպ ինչով է զբաղվում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ Մամուլում օրեր առաջ եղավ հրապարակում այն մասին, որ ՀՀԿ-ն համագումարը հետաձգել է։
Նախ համագումար չէր էլ նշանակվել, որ հետաձգվի:Մեր հերթական համագումարը կարծեմ 20 թվականին էր նախատեսված։ Մի բան եթե հետաձգվում է․․ հարսանիքը եթե հետաձգվում է, ապա ինչ պետք լինի, որ հետաձգվի։ ՀՀԿ-ում երբեք համագումարի օր, ժամ չի նշվել։ ՀՀԿ-ն չի որոշել, որ համագումար պետք է անի, որ մի հատ էլ հետաձգի։ Սերժ Սարգսյանը կուսակցության նախագահն է, եւ գալիս է աշխատանքի, կուսակցությունում է լինում, մենք էլ պարբերանար հանդիպում ենք։
-Խոսո՞ւմ եք ներքին, արտաքին զարգացումներից։
Ամեն ինչից էլ խոսում ենք։
-Ընթացող զարգացումներից, որոնք են ձեզ ամենից շատ մտահոգում։
Ինձ շատ հանգամանքներ են մտահոգում։ Մի քանիսի մասին խոսեցի։ Ամենակարևորը Արցախի հիմնախնդիրն է, տնտեսության վիճակը։ Սեռական փոքրամասնություններին ասեցի դեմ եմ քարոզին, թռան դեմքիս 4 տարի առաջ, ասում էին ոտնահարում է Շարմազանովը, քիչ էր մնում ֆաշիստ դարձնեին ինձ, ես ասել եմ դեմ եմ քարոզին, չպետք է քարոզվի, և հիմա էլ եմ ասում։ Հայաստանում բոլոր քաղաքացիները անկախ սեռից, տարիքից, հավատքից, սեռական կողմնորոշումից հավասար են։ Վարչապետը կանգնում ասում է սաղին «փռեք ասֆալտին», «խելքներդ գլուխներդ հավաքեք», «խելոք պահեք թե չէ ձեզնով ԱԱԾ-ն կզբաղվի», և դա ասում է պետության առաջնորդը, մարդ, ով գործադիր իշխանության ղեկավարն է և ՀՀ-ն ներկայացնում է բոլոր միջազգային կարևորագույն վեհաժողովներում և շուտով ներկայացնելու է Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ Ասում են Նիկոլին բան չասեք, Լյուդովիկոսն ասաց պետությունը ես եմ, ինքն էլ ասում է պետությունն իմն է՞, ու՞ր ենք գնում։ Ես ոչ ոքից չեմ վախենում ու ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, ես այսօր էլ տարբեր պետական խնդիրներով տարբեր պետական պաշտոնյաների հետ կապ եմ հաստատում այդ թվում նաև Փաշինյանի, որովհետև ես Ազգային ժողովի փոխնախագահ եմ, պարտավոր եմ պրոտոկոլը պաշտպանել, և պետական հարցերում ինձ պետք է պահեմ, որպես պետական պաշտոնյա, դրա համար եմ ասում երևույթից պետք է խոսել, մոռանանք, որ սա Փաշինյանն է, Սասուն Խաչատրյանը կամ Արթուր Վանեցյանը։ Մի պահ մտածենք սա Սերժ Սարգսյանն է, Գորիկ Հակոբյանը, Վահրամ Շահինյանը կամ Աղվան Հովսեփյանը, կրկնում եմ խայտառակություն է, որ գաղտնալսվել է, սա պետք է պարզվի և խստագույնս պատժվի, որովհետև մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում։ Եվ այսքանից հետո վարչապետը գա ասի, ստեղ ոչ մի բան չկա՞, բա ասում է սա ինքնիշխան երկիր է, մեր ներքին գործերին չպետք է միջամտեն։ Հետո չի կարելի բաժանել հակահեղափոխականներ և հեղափոխականներ, ես դեմ եմ ձեր քաղաքական հայացքներին, էն ինչ եղել է, ինչ ե՞ք անելու գյուլելու ե՞ք ինձ, դու էլ մեզ ես չէ՞ դեմ եղել, դա Ձեր իրավունքն է, բայց հիմա ի՞նչ, այս երկրում ընդդիմադիր խոսք չպետք է լինի՞, պիտի գնան հրապարակ հու-հու ասեն ու վե՞րջ, հետո՞։
-Պարոն Շարմազանով ի՞նչ է փոխվել ձեր կյանքում իշխանափոխությունից հետո։
Եվ ոչ մի բան, և շատ բան, հիմա ավելի շատ ենք խոսում, ավելի մտահոգ ենք, վերանայում ենք որոշ բաներ, բայց գլոբալ առումով սկզբունքներ, ընկերներ և հայացքներ չեն փոխվել։
-Ինչը կփոխեիք, եթե հնարավոր լիներ ժամանակը ետ տալ։
Ոչ մի բան, ես գլոբալ առումով գործողությունները, գոնե իմը, ես ոչ թե համառության համար եմ ասում, ես տենց բան չէի փոխի, ես ինչ ասել եմ, հիմնականում ասել եմ իմ համոզմունքով, ինձ դժվար է պարտադրել անել մի բան, որը ես չեմ հավատում, եթե ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է լիներ վարչապետ, ինքը լավագույն թեկնածուն է, իրոք դա անկեղծ եմ ասել, որովհետև ՀՀԿ-ն հաղթել էր ընտրություններում, վարչապետ պետք է ընտրվեր հանրապետականներից որևէ մեկը, և ես այն ժամանակ էլ եմ ասել, որ Հայաստանում գործող ակտիվ քաղաքական գործիչներից Սերժ Սարգսյանի իմաստությունը, փորձը, դիվանագիտական կարողությունը, ավտանգության և Արցախի հարցում նրա փորձը, ոչ ոք չունի։ Ես չեմ ուզում ստվեր գցել Արփինե Հովհաննիսյանի, Արմեն Աշոտյանի, Կարեն Կարապետյանի վրա, բայց ակնհայտ էր մեր լիդերը Սերժ Սարգսյանն էր, և ինքն այդ դաշտում կոնկուրենցիայից դուրս էր, չէր ուզում ժողովուրդը, թող ձայն չտար, այսինքն օրենքով, քաղաքագիտական տրամաբանությամբ ամեն ինչ նորմալ է եղել։ Մենք հավաքել ենք 50 տոկոսից մի քիչ ավել ձայն, այսինքն մենք գիտեինք, որ մնացած մարդիկ մեզ դեմ են եղել, ուղղակի ապրիլին մոբիլիզացիա արվեց այդ մարդկանց։ Բայց եթե մենք գնում ենք դասագրքային ճշմարտության, կուսակցությունն ինքը պետք է ընտրի վարչապետ։ Իհարկե եղել են թերություններ, սխալներ, ես նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից ներողություն եմ խնդրել մեր չարածների համար, մի գուցե ավելի շատ չենք աշխատել, եղել են սխալներ, չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Միգուցե պրոպագանդայի դաշտում ճիշտ չենք աշխատել, քիչ ենք շբվել ժողովրդի հետ, կաբինետներում ավելի շատ ենք նստել, սրանք լրիվ հասկանալի է, բայց գլոբալ առումով Եվրասիական միություն մտնելը ճիշտ էր, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խորացնելը ճիշտ էր, ԵՄ-ի հետ համաձայնագիրը ճիշտ էր։ Փաշինյանն ասում է դուք միայն հողերի հանձնման մասին եք բանակցել, բայց նույն ԵՄ-ի հետ համաձայնաքգրի մեջ հաստակ գրված է հիմնական սկզբունքները, այսինքն եթե Եվրոպայում մեկը կխոսի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, կարող ենք այդ համաձայնագիր աչքը մցնել։ Բայց մի բան հաստատ է, որ եթե ՀՀՇ-ում մի գիշերվա մեջ մարդ չմնաց բացի Լևոն Տեր Պետրոսյանից և մի քանի հոգուց, իսկ ՀՀԿ-ն 49 հոգանոց ԱԺ խմբակցություն ունի։ Ես ուզում եմ խոսքս ուզզել ներկայիս իշխանություններին, սիրելի եղբայրներ, մենք այս երկրում թշնամիներ չունենք, ով իշխանություն է նրապատասխանատվությունը շատ է, դուք և մենք չպետք է լինի և, եթե սեր և համերաշխություն եք քարոզում, դա մի քարոզեք միայն ձեզ և ձեր միտինգավոր ժողովրդին, քարոզեք ողջ հայության միջև։ Հայաստանը չունի լիմիտ գնալու ևս մեկ բախման, Հայաստանը պետք է լինի բազմակարծության ժողովրդավարության և քրիստոնեության Հայաստան, որտեղ չեն գնում վեհարանը գրավում, որտեղ չեն գնում կաթողիկոսի շորերը քաշում, և ով քաշում է, ռեկտոր չեն նշանակում։ Ես խնդրում եմ, որ մեր գործընկերները վերանայեն, և մենք քննադատում ենք ոչ թե չարախնդալով կամ գոտկատեղից ներքև հարվածելով, այլ պետական շահից ելնելով, որպեսզի մեր քննադատության գոնե մի բաժինը տեղ հասնի, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ ամեն ինչ չի, որ իրենք անում են բխում է Հայաստանի շահերից։
Մեր հարցազրույցն ավարտենք հետեւյալ կարճ հարցերով։
-Կյանքը մեկ օրում։
Օրը, ժամը հարաբերական է, այն ինչը մեզ համար մեկ օր է, մրջյունի համար կարող է հազարամյակ լինել, ինչ որ Աստծո համար կարող է հազարամյակ լինել, մեզ համար կարող է մեկ օր լինել։ Կփորձեմ ապրել խղճիս ներդաշնակ, կապրեմ այնպես, որոնց համար հետո չզղջամ։
-Մի օր ես։
-Այնպիսի բան չկա, որ ես պահել եմ հաջորդ օրվա համար։ Ուզում եմ մի օր ես ականատես լինեմ իրապես Հայաստանում սիրո և համերաշխության։
-Իմ օրերի մեջ։
- Ամենագլխավոր տեղն ունի Հայաստանը։
-Տարիների ընթացքում։
-Սրբեգրել եմ սխալներս, նոր սխալներ եմ արել, նոր ընկերներ եմ ձեռք բերել, հասկացել եմ, որ ավելի մեծ երջանկություն է ծառայելը, քան թե ծառայեցնելը։
Փայլակ Ֆահրադյան
Տաթեւ Այվազյան
Լուսանկարները՝ Տիգրան Մանուկյան/ArmDay.am