2018 թվականի սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի հետ կապված Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետեր, վարչական շրջանների ղեկավարները, համապատասխան կազմակերպությունների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդակցության ընթացքում քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը նշել է, որ համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում անհրաժեշտ է ընդգրկել հնարավորին շատ տեխնիկական և մարդկային ռեսուրսներ: «Պետք է գործի դնել մեր ենթակայության տակ գտնվող բոլոր տեխնիկական միջոցները, իսկ շաբաթօրյակի բոլոր մասնակիցները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ բոլոր պարագաներով:
Խորհրդակցության շրջանակում Կամո Արեյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել այն տարածքներին, որոնք նախատեսված չեն աղբ թափելու համար, սակայն որոշ քաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով վերածվել են խրոնիկ աղբավայրերի:
Նշենք նաև, համաքաղաքային շաբաթօրյակին կմիանան Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, կամավորական կազմակերպություններ, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, բնակիչներ: Դժվարամատչելի տարածքներում աղբը կմաքրվի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ: