Ինչպես հայտնել էինք Մալիշկայում շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մհեր Մովսիսյանի:
2-3 օր է տեղի բնակիչները նստացույց են անում, պաhանջում գյուղապետի հրաժարականը, ում դեմ, օրեր առաջ քրեական գործ է հարուցվել: Այս մասին մանրամասներ իմանալու համար ArmDay.am-ը փորձեց կապ հաստատել գյուղապետի՝ Մհեր Մովսիսյանի հետ,բայց նա ոչ ավել, ոչ պակաս, անջատեց հեռախոսը, երբ իմացավ, որ լրատվամիջոց է զանգահարողը: Փորձեցինք պարզել արդյո՞ք թյուրիմացություն էր, բայց գյուղապետը ապացուցեց հակառակն ու կրկին անջատեց զանգը՝ առանց որևէ մեկնաբանություն թողնելու:
Ստեղծված իրավիճակի մասին ArmDay.am-ը զրուցեց Վայոց ձորի փոխմարզպետ Նանե Բագրատունու հետ, ում որպես փոխմարզպետ մի շարք խնդիրներ են հուզում:
«Լրագրողը հավաքվածներից մեկին հարցրեց, թե օգտվե՞լ է Արսենյանի կաշառքից, նա պատասխանեց, որ չի օգտվել, բայց օգտվել է հակառակ կողմի առաջարկած գումարից,որը, ԲՀԿ-ի ներկայացուցիչ է եղել: Այսօր Վայոց ձորում լուրջ խնդիր ունենք: Վայոց ձորում տեղի ունեցող յուրաքանչյուր քաղաքացիական դրսևորում բողոքի ակցիա և այլն շատ ակտիվ կերպով փորձում է ցույց Կառավարությանը, սակայն պիտի հաշվի առնել, որ եթե այժմ հիմնականում բոլորը պայքարում են ՀՀԿ-ի դեմ, պիտի աչք չփակվի մյուս կուսակցությունների վրա, որոնք ոչ պակաս նույն գործելաոճն են ունեցել, ինչպես ՀՀԿ-ն»,-ասաց Նանե Բագրատունին:
Փոխմարզպետը մտահոգ է, որ բնակիչները խնդիրները հստակ չեն ձևակերպում,քաղաքական լուծումներ, նոր գաղափարներ չեն առաջարկում:
«Ստացվում ՀՀԿ-ական գյուղապետերը պետք է պատասխանն տան, իսկ ԲՀԿ-ականները ո՞չ, ներեցեք բայց օրենք ինձ համար հավասար է, և բոլոր դպրոցների մանկապարտեզների բուժհաստատությունների ղեկավարները, ովքեր օրենք են խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ կուսակցական պատկանելությունից:Հասարակության մոտ մի ոչ առողջ երևույթ կա. հեղափոխությունից հետո բոլորը բողոքում են, և ուզում են, որ մարզպետարանը վենդետա իրականացնի»,-նշեց Ն. Բագրատունին:
Վայոց ձորի փոխմարզպետը նշեց,որ փորձելու է վերահսկել, որ մարզպետարանում և գյուղապետարաններում կադրային փոփոխությունները կատարվեն այնպես, որ որևէ կուսակցություն, որը կաշառքի, ուժի միջոցով փորձել է ձայներ ստանալ, չլինի նոր ղեկավարության շրջանում:
«Վերջացել է «լավ տղերք » գյուղապետերի ժամանակը, վերջացել է ուժով, փողով գյուղապետ լինելու ժամանակը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Վայոց ձորում գրագետ գյուղապետեր ունենանք, և որ հրաժարականները չուղորդվեն կուսակցությունների կողմից: Վայոց ձորը պետք է լինի արժանապատիվ քաղաքացու տարածք»,-նշեց նա:
Փոխմարզպետի հետ զրույցում տեղեկացանք, որ Շատին գյուղում ևս համայնաքապետի հրաժարական են պահանջում: 8 ամիս է չի աշխատում համայնքապետարանը:
Ելփին համայնքում էլ հավատացյալ ուսուցիչների հետ կապված խնդիր կա: Այն դարձել է համայնքային խնդիր և գյուղը սեպտեմբերի 1-ին դպրոց գնացող չի ունեցել. դասադուլ է հայտարարված:
«Սպասում եմ հստակ ձևակերպված հարցերին, որպեսզի կարողանանք պատշաճ լուծում տալ: Որպես փոխմարզպետ ԶԼՄ-ների կարիքն ունեմ. այստեղ լրագրողներ չկան, իսկ մեզ պետք է բարձրաձայնել խնդիրների մասին: Ուզում եմ ամեն բան լուծում գտնի ոչ թե տղայական, այլ օրինական դաշտում»,-եզրափակեց Նանե Բագրատունին: