Ընտրությունն առանց գրիչի. մանրամասներ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին


Ընտրությունն առանց գրիչի. մանրամասներ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին
Սեպտեմբեր 3 15:17 2018

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կլինեն, որոնք  ուժի մեջ կմտնեն Երևանի ավագանու ընտրություններին անդառաջ: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող, Վարչապետին կից ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

- Պրն.Իոաննիսյան ի՞նչ փուլում  են Ընտրական օրենսգրքում փոփոխությունները:

-  ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը մշակել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ: Այն ներկայացվել է Կառավարություն, իսկ Կառավարությունն այն ուղարկել է ԱԺ, որտեղ սեպտեմբերի 6-ին քննարկման կդրվեն 24-ժամյա ռեժիմով: Շտապում ենք, որ դրանք ուժի մեջ մտնեն Երևանի ավագանու ընտրություներից առաջ:

-Ո՞րն է  ամենակարևոր փոփոխությունը, և  ինչու՞ եք  այն կարևորում:

-Բարեգործությունները ընտրությունների քարոզարշավի ժամանակ միշտ արգելված են եղել, սակայն այն դիտարկվել է որպես վարչական իրավախախտում: Մենք այն դարձնում ենք քրեական: Ըստ իս, սա ամենակարևոր փոփոխությունն է ԸՕ-ում:

-Ո՞ր դեպքում  է  պատժի ավելի խիստ կիրառում նախատեսվում:

-Մենք խստացրինք պատիժը  ընտրական հանցագործությունների համար, երբ այն կատարվում  է  կազմակերպված խմբի կողմից: Եթե խմբով է իրականացվում հանցագործությունը, դա շատ ավելի վտանգավոր  է,  նշանակում է այն նպատակ ունի  իշխանությունը ժողովրդից գողանալու: Սա շատ լուրջ հանցագործություն է՝ ուղղված սահմանադրական կարգի դեմ: Մենք ցանկանում ենք մեղմացնել  պատիժը հանցագործությունների համար, բաց նաև չենք ուզում, քանի որ դա բռնապետության ճանապարհով գնալու է նմանվում:

-Դիտորդների և լրագրողների  հետ կապված փոփոխություններ դիտարկվե՞լ են:

 -Նորանոր հնարավորություն տրվեցին դիտորդներին, լրագրողներին, կուսակցություններին, որպեսզի կարողանան պայքարել ընտրախախտումների դեմ: Նախկինում,  երբ նրանք տեսնում էին վարչական իրավախախտում, պետք է  գնային ԿԸՀ, հետո այն քննարկումից հետո ուղարկվում էր դատարան և դա գործնականում դառնում էր անհնարին: Հիմա նրանք կարղ են միանգամից դիմել դատարան և պահանջել, որ պատասխանատվության ենթարկվի ընտրական գործընթացում վարչական իրավախախտում գործած անձը:

Հեշտացվել է նաև լրագրողների և դիտորդների հավատարմագրումը: Վերացվում են որոշ սամանափակումներ: Նախկինում ընտրատեղամասում կարող էր առավելագույնը 15 դիտորդ լինել, այժմ առավելագույն թիվ չի սահմանվում և ներկա կլինեն այնքան, որքան  կլինեն:

-Ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց ԸՕ-ի նոր փոփոխություններով ի՞նչ է սպասվում:

 -50 հազար դրամի չափով կտուգանվեն այն անձինք, ովքեր իրավունք չունեն գտնվել ընտրատեղամասում, սակայն, պարբերաբար ,հայտնվում են: Զգուշացումից հետո չհեռանալու դեպքում նրանք կտուգանվեն: Կտուգանվեն նաև  անվանաքարտ չկրելու դեպքում, որը կլինի 20.հազար  դրամի չափով:

-Զինծառայողների  ընտրության հետ կապված ի՞նչ կասեք:

-Այս փաթեթում ոչ, սակայն մենք մտադիր ենք Ընտրական օրենսգրքում  փոփոխության ենթարկել զինծառայողների շրջանում քարոզչությունն ավելի լավ կանոնակարգելը: Նրանք պետք է հավասարապես տեղեկանան կուսակցությունների գաղափարներին, խոսքին և ձեռք բերեն այն ինֆորմացիան, որով պետք է որոշում կայացնեն: Ընտրելու հետ կապված ևս փոփոխություն կլինի: Նրանց քվեարկության ընթացքում վերադաս սպա պետք է տեղամասում չլինի:

-Շրջիկ արկղերը ևս ընտրախախտումներ անելու մեծ ռիսկեր են պարունակում, փոփոխություններ նախատեսվա՞ծ են:

-Շրջիկ արկղերի հետ կապված փոփոխություններ չեն լինի:

-Տեխնիկական մասով ի՞նչ փոփոություններ կլինեն:

-Գրիչը կհանվի քվեախցիկից: Ընտրողը պարզապես կընտրի քվեաթերթիկներից մեկն ու կդնի ծրարի մեջ՝ առանց նշման, որը նաև անվավեր լինելու վտանգից կազատի:

-Սովորաբար,  ընտրատեղամասում իրարանցում է ստեղծվում, երբ գործը հասնում է ընտրողին օգնություն ցուցաբերելուն: Այստեղ փոփոխություններ կա՞ն:

-Օգնություն ցուցաբերելու հետ կապված այո, փոփոխություններ կլինեն.Մեկ մարդը կարող է  առավելագույնը մեկ ընտրողի օգնել. Թե չէ ստացվում է, որ մեկ անձը 5 տատիկ-պապիկ  է ունենում: