Նիկոլայ Նիկողոսյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում


Նիկոլայ Նիկողոսյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում
Օգոստոս 17 00:03 2018

Նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից: Նիկոլայ Նիկողոսյանի վերջին հրաժեշտի ծիսակարգը տեղի կունենա օգոստոսի 17-ին, ժամը 13:30-15:00-ն, Հայաստանի նկարիչների միության տանը (Երեւան, Աբովյան 16), հուղարկավորությունը` Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Նիկողոսյանը մահացել է օգոստոսի 10-ին: Նա ծնվել է 1918 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Շահրիար (այժմ՝ Արմավիրի մարզի Նալբանդյան) գյուղում: 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը: 1944 թվականից ապրել և ստեղծագործել է Մոսկվայում:

Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, հռչակավոր քանդակագործ, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում՝ տասնամյակներ ի վեր ուղենիշ հանդիսանալով քանդակագործների եւ արվեստագետների համար:

Քանդակագործության եւ կերպարվեստի զարգացման, հայ-ռուսական մշակութային կապերի խորացման եւ ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, Նիկոլայ Նիկողոսյանը 2009 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: