Լիլիթ Մակունցն ամփոփեց նաև շաբաթվա մարզային այցերի օրակարգը


Լիլիթ Մակունցն ամփոփեց նաև շաբաթվա մարզային այցերի օրակարգը
Օգոստոս 13 16:30 2018

«Մարզերի համաչափ զարգացման ու մշակութային կյանքի ապակենտրոնացման քաղաքականության տրամաբանությունից ելնելով` չափազանց կարևորում եմ մարզային այցերը, ակտիվ մասնակցությունը մարզերում տեղի ունեցող այս կամ այն միջոցառմանը»,-աշխատանքային թռուցկաժողովում ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ներկայացնելով անցած շաբաթվա մարզային այցերի հագեցած օրակարգը:
Շաբաթվա մարզային «երթուղին» մշակույթի նախարարը սկսեց Գյումրիից.
Օգոսոտոսի 7-ին Շիրակի մարզի երկրագիտական թանգարանում հրավիրված ասուլիսում նախարար Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը հայտարարել էին Երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ դրամահավաքի մասին:
Ինչպես հայտնի է, Գյումրու Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին: Շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 միլիոն դրամ:
«
Ի թիվս մշակութային մի քանի կառույցների, Գյումրիում մենք այցելեցինք նաև վերանորոգման ընթացքի մեջ գտնվող Ամենափրկիչ եկեղեցի: Կարող եմ ասել, որ շինաշխատանքների հիմնական մասն իրականացվել է, պատրաստ չէ միայն եկեղեցու զանգակատունը: 2018-ի դեկտեմբերին նշվելու է երկրաշարժի 30-րդ տարելիցը, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչ այդ տեղի ունենա Ամենափրկիչ եկեղեցու բացումը մեր խնայողությունների հաշվին»,-ասաց մշակույթի նախարարը՝ հանձնարարելով եկեղեցու զանգակատանն առնչվող հարցերը կարգավորելու համար պայմանավորվածություն ձեռք բերել Մայր Աթոռի հետ, որովհետև զանգակատան վերականգնման համար մշակույթի նախարարությունն այս պահին չի կարող բյուջե հատկացնել:
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մշակույթի նախարարը, փոխնախարարներն ու նախարարության մյուս ներկայացուցիչները այցելել են քաղաքային ու մարզային գրադարարններ, Հովհաննես Աբելյանի անվան թատրոն, պատմա-երկրագիտական թանգարան:
«
Զրուցեցինք տեղի մտավորականների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչով կարող ենք օգնել նրանց: Հետաքրքիր առաջարկություններ հնչեցին»,-ասաց նախարարը:
Շաբաթվա չորս մարզային այցերից մեկն էլ Գեղարքունիքում էր: Սևան քաղաքում նախարարը մասնակցել է երիտասարդների միջազգային օրվան նվիրված երաժշտական փառատոնին:
Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին օգոսոտոսի 12-ին նախարար Մակունցն ու փոխնախարար Վահե Բուդումյանը մասնակցել են նաև Տավուշի մարզում. Իջևանում այցելել են նաև մարզային գրադարան, Երկրագիտական թանգարան, մշակութային այլ հաստատություններ: Այցի ընթացքում զրուցել են տեղի մտավորականների հետ, քննարկել մարզի մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված հետագա ծրագրերը: Տավուշցիների բարձրաձայնած խնդիրներից նախարարն այսօր առանձնացրեց երաժշտական գործիքների խնդիրը՝ հանձնարարելով.
«
Տավուշի մարզի երաժշտական դպրոցում գործիքների խնդիր կա: Պետք է աջակցենք նրանց այդ հարցում, ուսումնասիրեք և ներկայացրեք, թե խնդրի լուծման ինչ հնարավորություններ ունենք»,- նախարարի հանձնարարականն էր: