Հասմիկ Գասպարյանի անհատական ցուցահանդեսում գեղանկարչական աշխատանքներ և կոլաժներ են ընդգրկված


Հասմիկ Գասպարյանի անհատական ցուցահանդեսում գեղանկարչական աշխատանքներ և կոլաժներ են ընդգրկված
Հուլիս 23 22:53 2018

Նկարիչ Հասմիկ Գասպարյանի «Սկիզբ» խորագրով անհատական ցուցահանդեսում ներկայացված է 18 աշխատանք: Դրանցից յուրաքանչյուրն արտացոլում էր նկարչուհու հույզերը, ապրումները, տրամադրությունները:

«Ցուցադրված կտավների մեծ մասը ստեղծվել է տասը տարի առաջ: Տարիների ընթացքում իմ ձեռագիրը չի փոխվել, սակայն, հոգեվիճակի փոփոխությունների արդյունքում այլ երանգներ է ստացել: Պետք է խոստովանեմ, որ ինձ դուր են գալիս կյանքիս բարդ փուլում արված գործերը: Դժվարությունները հաղթահարելով՝ ասես, ավելի մեծ ուժ ես ստանում և հետաքրքիր, խորը աշխատանքներ ստեղծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 23-ին, ցուցահանդեսի բացմանն ասաց Գասպարյանը:

Նա շեշտեց, որ բավականին մեծ ընդմիջումներով է նկարում. լինում են շրջաններ, երբ առհասարակ դադարում է ստեղծագործել:

Սա նկարչուհու երրորդ անհատական ցուցահանդեսն է, բայց նա մտածում է, որ դա դեռ սկիզբն է: «Ըստ իս՝ սա ընդամենը հաճելի փորձ է: Կարծում եմ՝ շատ անելիքներ ունեմ և չեմ օգտագործել իմ ամբողջ ներուժը»,- եզրափակեց Հասմիկ Գասպարյանը:

Ցուցահանդեսին ներկա էին նկարչուհու հարազատները, ընկերները և արվեստի սիրահարներ: