Մանկուց երազել է «պաժառնիկ» դառնալ․ Ինչպես Ռոստոմյանը՝ սպորտից հասավ արտակարգ իրավիճակներ․ նախարարի կյանքը մեկ օրում


Մանկուց երազել է «պաժառնիկ» դառնալ․ Ինչպես Ռոստոմյանը՝ սպորտից հասավ արտակարգ իրավիճակներ․ նախարարի կյանքը մեկ օրում
Մայիս 23 19:20 2018

Հայաստանի նոր կառավարությունը՝ նոր վարչապետի ղեկավարմամբ։ Ինչպես են աշխատելու գերատեսչությունները, ինչ սկզբունքներով եւ ինչ աշխատանքային ոճով։ Armday.am-ը Կյանքը մեկ օրում նախագծի շրջանակներում զրուցել է Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ։ Ինչպես սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախկին նախարարը ընդունեց նոր առաջարկությունը, եւ որքանով է  հոգեհարազատ այս ոլորտը նրան։

Պարոն Ռոստոմյան սպորտի նախարարից՝ ԱԻ նախարար։ Արդեն հարմարվել ե՞ք նոր կարգավիճակին։

Գիտեք՝ նախարար հասկացությունը և՛ քաղաքական պաշտոն է, և՛ կառավարչական ինստիտուտ, որն ունի իր հստակ ինստիտուցիոնալ գործառույթներն ու պարտականությունները: Այն հանգամանքը, որ ես արդեն ունեմ որպես նախարար աշխատելու փորձ, միայն օգնում է ինձ. նեղ մասնագիտական հարցերի լուծման համար ԱԻՆ աշխատակազմում կան ոլորտում երկարամյա փորձով, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, իսկ նախարարը պետք է զբաղվի կառավարչական, կազմակերպչական խնդիրներով՝ ապահովելով համակարգի աշխատանքի արդյունավետությունը: Անշուշտ, անելիքներ շատ կան, այս ոլորտի կառավարումն ինձ վստահելու հանգամանքը նաև շատ պարտավորեցնող է:    

Ինչպե՞ս ընդունեցիք առաջարկությունը եւ ինչ աշխատանքային ոճով եք աշխատելու։

 Ինչպես արդեն նշեցի՝ նախարարը քաղաքական պաշտոն է, և լինելով քաղաքական գործիչ՝ մենք պարտավոր ենք ծառայել այն ոլորտում, որտեղ մեզ ուղղորդում են՝ կարգավորելու այնտեղ առկա խնդիրները: Ես աշխատելու եմ արդարության, անկողմնակալության և թափանցիկության սկզբունքներով, համերաշխության և սիրո մթնոլորտում:

ՀՀ ԱԻ համակարգից արդեն հեռացել են ՀՀ ԱԻ աշխատակազմի ղեկավարը և Փրկարար ծառայության տնօրենը, կադրային փոփոխությունները շարունակվելու ե՞ն։

Կադրային քաղաքականությանը ես անդրադարձա Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի հետ առաջին իսկ հանդիպմանը և Ձեզ կասեմ նույնը, ինչ իմ աշխատակիցներին ասացի: Այսպես կոչված «կադրային ջարդ» նախարարությունում չի լինելու, այստեղ կան մասնագիտական բարձր ունակությունների և պատրաստվածության տեր մարդիկ, ովքեր տարիներ շարունակ բարեխղճորեն կատարել են իրենց պարտականությունները, սիրված և հարգված են ամբողջ անձնակազմի կողմից. նման մարդիկ, անշուշտ, պետք է մնան և շարունակեն իրենց գործունեությունն ի նպաստ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի զարգացմանը: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ մեր հասարակությունում և պետական համակարգում հասունացել է ինքնամաքրման գործընթացը: Համակարգում չպետք է լինեն մարդիկ, ովքեր աչքի են ընկել անբարեխիղճ գործունեությամբ և բազմիցս պատճառ դարձել աշխատակիցների շրջանում դժգոհությունների առաջացման: Համակարգում առաջընթացի ապահովումը, անշուշտ, կարող է ուղեկցվել նաև որոշակի կառուցվածքային և կադրային փոփոխություններով ու փոխատեղումներով: Իմ  կողմից իրականացվող կադրային քաղաքականությունը միտված է լինելու կոռուպցիոն ռիսկերի առավելագույնս նվազեցմանը:

Պարոն Ռոստոմյան, ինչ խնդիրներ եք տեսնում ԱԻ նախարարության առջեւ կանգնած։

Ես նոր եմ ստանձնել ԱԻ նախարարի պաշտոնը և քայլ առ քայլ խորամուխ եմ լինում առաջնային լուծում պահանջող խնդիրներին, դրանց լուծմանը միտված արդեն առկա ծրագրերի իրագործման և նոր ծրագրերի կազման գործընթացում: Դեռևս կառաձնացնեմ մի քանի առաջնային խնդիրներ, որոնց  մասին բարձրաձայնել է նաև ՀՀ վարչապետը, այս խնդիրների լուծման ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են արվում: Դա մեր գյուղատնտեսության համար կենսական նշանակություն ունեցող հակակարկտային համակարգի բարելավման և համալրման խնդիրներն են, քաղաքացիական պաշտպանության և հատկապես սահմանամերձ համայնքներում այդ ծառայության զարգացման հիմնահարցը, բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումները, սեյսմիկ դիտացանցի արդիականացմասն գործընթացը, ԱԻ փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության շարունակականության ապահովումը: Ուզում եմ շեշտել, որ հատուկ ուշադրության կենտրոնում եմ պահելու փրկարար ծառայողներին որակյալ հանդերձանքով և նյութատեխնիկական բազայով ապահովելու խնդիրը՝ հնարավորինս բացառելով կոռուպցիոն ռիսկերը:  

Որքանով է այս ոլորտը ձեզ հոգեհարազատ, ինչի՞ց եք սկսելու։

 Արտակարգ իրավիճակների նախարարությունն այն եզակի կառույցներից է, որը հոգեհարազատ է յուրաքանչյուրիս, որովհետև հասանելի է ժողովրդին: Փրկարարներն այնտեղ են, ուր վտանգն է, իսկ մարդկանց կյանքն ու անվտանգությունը՝ մեր առաջնահերթություններից են: Մարդիկ գիտեն, որ վտանգի պահին իրենք միայնակ չեն:

Իսկ ինչի՞ց եմ սկսելու, ուրեմն՝ ասեմ, որ հիմնական աշխատանքները տարվելու են 2 ուղղությամբ: Առաջինը՝ համակարգի ինքնամաքրման և առավել թափանցիկ դարձնելու գործընթացն է՝ վերացնելով առկա խնդիրները, որոնք գոյացել են ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև՝ անձնական մակարդակում: Եվ երկրորդ ուղղությունը՝ կանխարգելումն է: Մեր աշխատանքի ընթացքում շեշտը դնելու ենք կանխարգելիչ միջոցառումների վրա, ինչը կարտացոլվի նաև կառավարության ծրագրում:

 Մի փոքր փոխենք հարցերի շրջանականը։ Ինչպիսին է Հրաչյա Ռոստոմյանը՝ աշխատավայրում, տանը եւ ընկերական միջավայրում։

Իրականում պետք է անկեղծ լինեմ, երբ, որ առաջին անգամ ես նշանակվում նախարարի պաշտոնում, դա այլ զգացողություն է, թող ոչ մեկ իրեն Հռոմի պապից ավելի կաթոլիկի տեղ չդնի։ Երկրորդ դեպքում, երբ որ նշանակվեցի արդեն գիտեի ինչ պատասխանատվություն եմ ստանձնում։ Արտակարգ իրավիճակների  նախարար նշանակվելուց էլ ավելի զգոն, էլ ավելի պատասխանատու, էլ ավելի նպատակասլաց, որովհետեւ յուրաքանչյուր տեղ կա անելիք,  որ պահին, որ մտածես այստեղ անելիք չունես, ուրեմն նախարար եւս չես լինելու։ Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա ասեմ, որ շատ տարբեր է՝ մեկը մյուսի հետ ընդհանրապես առնչություն չունեցող։

Մտքերը շարունակելով․․․

Կյանքը մեկ օրում։

Կյանքը մեկ օրում՝ ամբողջ կյանքն է։

Իմ օրերի մեջ։

Աշխատանքը․․․

Մի օր ես։

Բազմակետ։

Տարիների ընթացքում։

Տարիների ընթացքում փորձ ես հավաքում,  եւ ամենակարեւորը՝ տարիների ընթացքում պետք է այնպես ապրես, որ հետեւիցդ  խոսացողներ չլինեն։

Հավելենք, որ մեր զրույցի ընթացքում Հրաչյա Ռոստոմյանը անկեղծանալով նշել է, որ մանկուց երազել էր իր խոսքով «պաժառնիկ» դառնալ։ 

Փայլակ Ֆահրադյան

Տաթև Այվազյան 

Լուսանկարները /Սարգիս Միլիտոնյան /Armday.am