Չէի մտածում, որ կարող եմ օրերից մի օր դառնալ նախարար․Վ․Արամյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)


Չէի մտածում, որ կարող եմ օրերից մի օր դառնալ նախարար․Վ․Արամյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Հունվար 23 04:54 2018

Մասնագիտությամբ տնտեսագետ Վարդան Արամյանը կարող էր դառնալ լավ սպորտսմեն, սակայն ժամանակի ընթացքում ընտրեց տնտեսագետի մասնագիտությունը, եւ հիմա զբաղեցնում է Ֆինանսների նախարարի պաշտոնը:

Armday.am-ի՝ Կյանքը մեկ օրում նախագծի շրջանակներում Վարդան Արամյանի հետ զրուցել ենք վերջինիս գործունեության, երկրի տնտեսական վիճակի եւ Վարդան Արամյան քաղաքացու մասին: 

-Պարոն Արամյան, ձեր գործունեութունը սկսել եք 1999 թվականից, այդ ժամանակ ունեի՞ք պատկերացում, որ կդառնաք նախարար:

-Ոչ, չեմ ունեցել: Իրականում իմ գործունեությունը սկսել եմ 1999թթ.-ից, երբ որ դեռևս ստաժյորի կարգավիճակով աշխատում էի Կենտրոնական բանկում: Այնուհետև զորակոչվել եմ Հայաստանի Հանրապետության բանակ և զորացրվելուց հետո, 1999թ-ի հունվարից արդեն անցել եմ հաստիքային աշխատանքի: Միշտ էլ տարբեր հարթություններում ասել եմ, որ այնպես չի եղել, որ մեծապես ձգտում եմ ունեցել անպայման դառնալ նախարար: Ձգտում ունեցել եմ, որ անկախ կարգավիճակից, անկախ գործի բնույթից, իմ առջև դրված առաջադրանքը պատշաճ ձևով կատարել և փորձել առավելագույն արդյունք ունենալ:


-Եղել եք նաև Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, Բաղրամյան 26-ում, թե՞ գործադիր իշխանությունում եք Ձեզ ավելի հարմար զգում:

-Հարմար զգում եմ այնտեղ, որտեղ որ զգում եմ կարող եմ ավելացված արժեք ստեղծել, նոր բան անել՝ թե' հանրության, թե' թիմի և թե' ընդհանրապես:

- ՀՀ-ի տնտեսության վիճակը մեղմ ասած վատ է, դուք` որպես ֆինանսների նախարար, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս տարվանից:

-Ճիշտն ասած չեմ կիսում այդ մոտեցումը, որ մեղմ ասած վատ է: Մենք այս տարի ակնկալված տնտեսական աճից ավելի բարձր տնտեսական աճ կունենանք, այլ հարց է, թե արդյոք այս տնտեսական աճը ներառական է թե ոչ, որովհետև, մենք այսօր արդեն ունենք յոթ տոկոսից ավել տնտեսական ակտիվության ցուցանիշ, և դեկտեմբերին չենք կարծում, որ էական նվազում կլինի: Տնտեսական աճն էլ կարծում ենք, որ ևս կգերազանցի մեր սպասելիքները, բայց այնուամենայնիվ մենք խնդիր ունենք միջնաժամկետ ժամանակահատվածում լուծելու: Թեև բարձր տնտեսական աճը ամեն դեպքում կարծում եմ արդեն իրողություն է, բայց մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք դրա որակական կողմին, որպեսզի այդ տնտեսական աճից հանրության ավելի լայն շերտերն օգտվեն: Սա է գերագույն խնդիրը, հակառակ դեպքում մենք կունենանք այն արդյունքը, ինչը որ շատ երկրներ ունեցել են, օրինակ Բոտսվանան, որտեղ միավոր շնչին բաժին ընկնող ՀՆԱ մեզնից անգամներով է բարձր, բայց այդ երկիր այցելողը նույնիսկ առաջին հայացքից կտեսնի, որ այնտեղ կա շատ բարձր տնտեսական աճ, և չկա տնտեսական զարգացում: Նաև շատ այլ երկներում, որտեղ տնտեսական աճն ինչ որ մի ճյուղի կամ պատահական գործոնի հաշվին է, կամ պերմանենտ հանրության արտադրողականության աճի հաշվին չէ, այդտեղ արդեն ռիսկ կա ունենալ տնտեսական աճ՝ չունենալով տնտեսական զարգացում, կամ այլ տերմինալոգիայով ասած, կունենաս տնտեսական աճ, բայց ոչ որակական, հանրության ոչ լայն հատվածները կարող են մասնակցել դրան: Այդ մասով մենք միջնաժամկետում խնդիր ունենք լուծելու:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում երկրի տնտեսության առջև, որը կցանկանայիք փոխել:

-Պետք է ուշադրություն դարձնել մի քանի խնդիրների վրա:
Առաջինը` մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի շուկաները, որոնք որ ունեն մուտքի խոչընդոտներ, աստիճնաբար ազատականացվեն: Նաև կարևոր է տնտեսվարողներին ազդակ տալ, որ ցանկացած շուկա մուտքի խոչընդոտները մինիմալիզացված են: Ցանկացած երկրում կա այդպիսի խնդիր, որ ընկերությունները մրցակցության ժամանակ փորձում են ինչ որ դիրք չարաշահել, անորոշ մրցակցել և սահմանափակել այլ տնտեսվարողների մուտքը: Պետության դերակատարումը կայանում է նրանում, որ խաղի կանոնները արդարացի բաշխի բոլորի հանդեպ ՝ ինչն էլ ներկա փուլում մենք փորձում ենք իրականացնել: Օրինակ` տնտեսագիտական գրականության մեջ ՝ միկրոէկոնոմիակայում, կա նմանատիպ վարքագիծ, որը կոչվում է <<գիշատչի վարքագիծ>>, այն սովորոբար դատապարտելի վարքագիծ է: Եթե ընկերությունը <<գիշատչի>> վարքագիծ է դրսևորում՝ փորձում է անորոշ մրցակցության մեջ մտնել, կամ ինչ-ինչ դեմպինգային քաղաքականությամբ փորձում է մյուսին արտամղել շուկայից ՝ պատկան մարմինները տուգանում են, որպեսզի շուկան լինի մրցակցային:

Երկրորդ մոտեցումը, իհարկե, մարդկային ներուժն է: Գիտելիքների մակարդակն այնքան է բարձրացել, որ այսօր ամբողջ աշխարհում մարդիկ արդեն հեռախոսով ներդրումներ են անում, նաև արժեթղթերի շուկայում տարբեր գործարքներ են կնքում, իսկ մենք դեռևս խոսում ենք ստորին գաղափարների մասին: Այլ կերպ ասած, եթե ենթակառուցվածքների ներդրումներում ամբողջ աշխարհը գնում է առաջնային տեխնոլոգիաներով ենթակառուցվածքներ ստեղծելուն՝ օրինակ ճանապարհները սարքում են մրցունակ ֆիրմաները, որոնք որ մեկ-երկու տեխնիկայով կատարում են մի ամբողջ բանակի աշխատանք և ավելի բարձր որակ են ապահովում, իսկ մենք դեռևս շարունակում ենք բահերով ասֆալտ փռել: Տեսեք, այստեղ մենք ունենք լուրջ խնդիր, սա կոչվում է աշխատուժի մրցունակության խնդիր, աշխատուժի որակական հատկությունների խնդիր, և մենք չենք կարող անընդհատ խոսել այն մասին, որ մենք ուզում ենք լավ ապրել, բայց մեր աշխատուժը չկարողանա այդ պրոֆեսիոնալիզմը դրսևորել: Սա ֆունդամենտալ խնդիր է, որը կապվում է կրթական համակարգի հետ, ընկերությունների կողմից պահանջների ներկայացման հետ, որի արդյուքնում էլ միջազգային տենդերներում հայկական ընկերությունները դժվար են մրցակցում: Հետևաբար, մենք պետք է օգնենք մեր ընկերություններին, որպեսզի իրենք էլ դառնան մրցունակ՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ իրենց պետք է լավ և գիտակից աշխատուժ:

Ի դեպ, երբ ես առաջին անգամ որպես դասախոս մտա լսարան, ( դա կարծում եմ 2006-2007թթ էր), առաջին հարցս լսարարնին հետևյալն էր.<< Դուք ինչի՞ համար եք եկել այս կրթօջախ>>, պատասխանը եղավ ՝<<Մենք ցանկանում ենք դառնալ տնտեսագետներ>>: Իմ արձագանքը այն էր, որ դուք սխալ եք արել, և բոլորը զարմացան, ասացի, որովհետև եթե դուք դառնում եք զուտ տնտեսագետ, այդպիսի հազարավոր տնտեսագետներ կան: Դուք պետք է ձգտեք դառնալ լավ տնտեսագետ՝ այդպիսով լինելով մրցունակ: Այս գաղափարը պետք սկսել սերմանել ընտանիքից, դպրոցից և ԲՈՒՀ-ից: Նույն արձագանքն էլ պետք է լինի նաև տնտեսվարողի կողմից. ընկերությունները չպետք է վախենան ներգրավել լավագույններին, պետք է վերցնեն այնպիսի մասնագետների, ովքեր իրենց ընկերությունը առաջ կտանեն, ավելի լայն կմտածեն և եթե կունենան առաջադեմ հայացքներ՝ ինչի շնորհիվ կհայտնվեն կապիտալի շուկայում և արդեն կփորձեն գործունեություն ծավալել երկրի սահմաններից դուրս: Եթե այս մտածելակերպը չունենան մեր տնտեսվարողները, դա վտանգավոր է: Կառավարությունն էլ պետք է լինի լիդեր, այնպիսի գործողություններ պետք է անի, որ ազդի մարդկանց վարքագծի վրա, մարդիկ էլ իրենց հերթին ունեն անելիք, չպետք է ընդդիմանան այդ տեսլականին: Սա է ճիշտ ուղղությունը:

 

-Շատ լավ: Ի՞նչ է փոխվել ձեր կյանքում նախարար նշանակվելուց հետո, կարո ՞ղ եք ասել, որ արդեն զգում եք կարգավիճակի փոփոխություն:

-Ծանրաբեռնվել է աշխատանքային գրաֆիկս, ստորադասվել են անձնական կյանքս, ընտանիքիս ու հարազատներիս հետ շփումները: Զուտ միայն այդ մասով:

 


- Նախարարի խիստ պաշտոնական ոճը որևէ կերպ Ձեզ չի՞ կաշկանդում, առհասարակ ինչպիսի՞ն է Վարդան Արամյանը նախարարի կարգավիճակում և տանը:

-Որևիցե տարբերություն ես չեմ զգում, որովհետև անկախ դիրքից, ես այս հասարակության անդամն եմ :


-Ո ՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ ստացել ու փոխանցել եք երբևէ:

-Առաջին խորհուրդը հորիցս եմ ստացել, որը մինչև այժմ փոխանցում եմ մյուսներին, նույն սկզբունքով փորձում եմ դաստիարակել որդուս. այն է ՝ յուրաքանչյուրս պետք է պարտվորություն ու պատասխանատվություն կրենք սեփական հաջողությունների և անհաջողություննեի համար և ինքներս էլ պետք է ջանքեր գործադրենք այդ սխալները շտկելու համար:


-Ինչո՞վ են զբաղվում ձեր երեխաները: Ի՞նչ հետաքրքրություններ ունեն: Ինչպե՞ս եք ծանոթացել ձեր կնոջ հետ:

-Աղջիկս սովորում է երկրորդ դասարանում, <<Ուսում>> կրթահամալիր է այցելում: Առաջադիմությունը դրական եմ գնահատում, բայց ամեն անգամ, նույն խորհուրդը, նույն հորդորը իմ աղջկան եմ տալիս, որ դու պետք է ձգտես դառնալ ոչ թե ամենալավերից մեկը, այլ լավագույնը: Իհարկե, դասարանում տարիքով ամենափոքրիկն է, հինգ տարեկանից է հաճախում: Տղաս դեռևս մանկապարտեզ է գնում, հաճախում է նաև շախմատի խմբակ: Կարծես թե սիրել է այդ մարզաձևը, նաև դրական զարգացում է նկատվում ՝ ինչն ինձ ուրախացնում է:
Կնոջս հետ ցանոթացել եմ շատ պատահաբար: Իհարկե, որպես շարժառիթ, եղել է մեր ընդհանուր ընկերը: Առաջին հանդիպմանը երկուսիս դիրքորոշումն էլ չեզոք է եղել: Ես շատ մեծ հակվածություն ունեմ ինտելեկտուալ կանանց նկատմամբ, և առաջին ազդակը ինչը նկատեցի նրա մեջ՝ դա խելացի լինելն ու բարիկիրթ վարքագիծն էր: Մի հարցի շուրջ սկսեցինք զրուցել և զգացի, որ ինձ մոտ զգացմունքներ են առաջանում և հետագա շփումներում համոզվեցի  որ այդ աղջիկն այն է, ով որ պետք է ինձ:

-Սերժ Սարգսյան, թե՞  Կարեն Կարապետյան:

-Երկուսն էլ: Սերժ Սարգսյանը` Հանրապետության նախագահն է, Կարեն Կարապետյանը` ՀՀ վարչապետը:

Մտքերը շարունակելով

 Իմ կյանքը․․․

Իմ կյանքը ՝ բուռն է, լի բազմաթիվ անսպասելի իրադարձություններով, որ երբեք չէի մտածում, այդ հարցը տրվեց նաև նախարարի կարգավիճակի մասին, որ չէի մտածում կարող եմ օրերից մի օր դառնալ նախարար: Եղել է նաև ժամանակ, որ ես ինձ տեսնում էի որպես լավ սպորտսմեն, և հաջողություններ պետք է գրանցեի այդ ոլորտում, իհարկե ունեցել եմ հաջողություններ այդ ոլորտում, եղել է ժամանակ, որ մտածում էի, որ պետք է զբաղվեմ միգուցե բիզնեսով և այսպես շարունակ: Անընդհատ ինչ որ փոփոխություններով լի կյանք եմ ունեցել, բայց ամենակարևոր բանը այն է, որ միշտ ունեցել եմ հստակ սկզբունքներ և երբեք իմ սկզբունքներին չեմ դավաճանել:

Հրաց ..Մի օր, ես…..

Մի օր ես, ետ նայելիս, ինքս ինձ չեմ նախատի, որ ինչ որ սխալ բան եմ արել:

Կյանքը մեկ օրում․․․

Եթե մեկ օր ունենայի, կփորձեի անել այնպիսի մի բան, որ դրական հիշվեմ:

 Տարիներ ընթացքում….

Տարիների ընթացքում հասնենք մենք մեր երազանքների հանգրվանին: Վստահ եմ, բոլոր հայերն են երազում ուժեղ Հայաստան ունենալու մասին: Տարիների ընթացքում մենք տեսնենք, որ գնում ենք այդ ուղղությամբ ու վստահ լինենք, որ մեր երեխան հենց մեր երկրում է զարգանալու ու ապրելու, ու արարելու, մեր երկրում է իր ընտանիքը ստեղծելու և երբեք չի մտածելու դրսի մասին: Տարիների ընթացքում մենք ինքներս մեզ հարց տանք ու վստահ լինենք, որ դրա պատասխանը հետևյալն է` Հայաստանից այն կողմ էլ աշխարհ չկա: Տարիների ընթացքում մենք տեսնենք, որ բացասական տրամադրված մարդկանց կշիռը աստիճանաբար նվազում է, դրական տրամադրվածություն ունեցող մարդկանց կշիռը` աստիճանաբար աճում:

Փայլակ Ֆահրադյան 

Տաթև Այվազյան 

Լուսանկարները՝ Արտյոմ Քոսակյանի եւ Վարդան Արամյանի անձնական արխիվից։

Armday.am