Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում ունեցել է շուրջ 50 000 այցելու: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
«Ցուցահանդեսը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս: Ունեցել ենք աննախադեպ թվով այցելուներ՝ շուրջ 50 000: Ուսումնասիրել ենք նաև արխիվը, և 70 տարիների ընթացքում Հայաստանում որևէ ցուցահանդես չի եղել, որը 3 ամսում հյուրընկալած լինի 50 000 այցելուի»-ասաց Ծատուրյանը:
Այցելուներից 18 000-ը եղել են դպրոցականներ, 20 000-ը պարզապես քաղաքացիներ, 8000-ը՝ թոշակառուներ և 7000-ը՝ ուսանողներ:
Աննախադեպ թվով այցելուների հոսքը պատկերասրահի տնօրենը համարում է ժամանակակից PR տեխնոլոգիաների օգտագործման արդյունք: «Այվազովսկու 150-ամյակին նվիրված ցուցադրություն ևս եղել է, սակայն ոչ այս ծավալով: PR թիմի հետ լավ մոտեցում ենք գտել: Բերել ենք նաև կտավ, որը երբևիցե չէր եղել Հայաստանում»-ասաց Ծատուրյանը:
Պատկերասրահի տնօրենը կարևորեց նաև ոչ միայն բուն ցուցահանդեսը, այլ նաև Այվազովսկուն նվիրված երկօրյա գիտաժողովը, որը մոտ է եղել միջազգային մակարդակի գիտաժողովներին:
Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 14-ին: Ներկայացվել են 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ: