Նոր մանրամասներ՝ երեկ BMW-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից. վարորդն ու մահացածը կողոպուտից հետո վթարի են ենթարկվել


Նոր մանրամասներ՝ երեկ BMW-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից. վարորդն ու մահացածը կողոպուտից հետո վթարի են ենթարկվել
Դեկտեմբեր 5 12:14 2017

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նորայր Այվազյանի որոշամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է «Շին-պլազա» խանութ-սրահում՝ որպես առաքիչ: Երեկ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են Արտաշատյան խճուղու թիվ 88 հասցեում գտնվող ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի պատին՝ ձերբակալված Հ. Գևորգյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով մահացած՝ նրա ուղևորի ինքնությունը: Մահացածը Այնթապ գյուղի բնակիչ, 20-ամյա Մխիթար Արզումանյանն էր, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում 4 անգամ եղել է դատապարտված և պատժի կրումից ազատվել էր այս տարվա նոյեմբերի 3-ին:

Արտաշատի ոստիկանները պարզել են նաև, որ Հ. Գևորգյանն ու Մ. Արզումանյանը Արարատի մարզի «Արարատ գրուպ» գործարանի մոտ անհիմն վիճաբանել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի, 42-ամյա Կորյուն Շալունցի հետ, ով Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ է, ավտոմեքենայից իջեցրել են, ծեծի ենթարկել, այնուհետև Կ. Շալունցի իրերը հափշտակել, որի մեջ եղել են նրա անձնական իրերը և «Լենովո» տեսակի պլանշետը: