Նոյեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնելու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Բադալյանն է։ Ժամեր անց Ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Մեծարենցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Բադալյանի և նշված փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արսեն Գրիգորյանի միջև։ Վերջինս կասկածվում է Հ. Բադալյանին դանակահարելու մեջ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ գործողություներ՝ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ։










