Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը նոյեմբերի 11-ին մենահամերգով իր ծննդավայր Գյումրիում էր: Դրամատիկական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր։
«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչքան մեծ է հետաքրքրությունն այս համերգի նկատմամբ, փորձեք այսօր Գյումրիի հյուրանոցներում տեղեր ամրագրել: Զանգահարենք ցանկացած հյուրանոց ու հարցնենք՝ ունե՞ք այսօր ազատ համարներ: Ձեզ կպատասխանեն՝ ոչ։ Որովհետև հանդիսատեսի կեսից ավելին գյումրեցիներ չեն. եկել են Վանաձորից, Երևանից, հյուրեր ունենք նաև Վրաստանից։ Մարդիկ կան, որոնք տոմսեր են պատվիրել Իրանից: Մենք ինքներս չենք կարողանում Գյումրու հյուրանոցներում մեր հյուրերի համար սենյակներ գտնել։ Եվ այս համերգը ոչ միայն Գյումրու դրամատիկական թատրոնին է իր նպաստը բերում, այլև զբոսաշրջության նոր հոսք է ուղղում Գյումրի»,- ասաց համերգի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։
Համասյանի՝ 2018թ. փետրվարին թողարկվելիք նոր ստեղծագործությունների For Gyumri ձայնասկավառակը նվիրվում է Գյումրիին: Իսկ երեկվա մենահամերգի ողջ հասույթը Տիգրան Համասյանը նվիրեց Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամին: